ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` սեպտեմբերին Բաքու կայանալիք այցի ժամանակ Ռուսաստանը և Ադրբեջանը ներդրումների փոխադարձ պաշտպանության և խրախուսման մասին պայմանագիր են կնքելու: Ադրբեջանական «Ազադլիղը» գրել է տվյալ պայմանագրի նշանակության մասին:
Նյութի հեղինակը նշում է, որ Ադրբեջանում ռուսական տնտեսության մեջ ներդրումներ ունեն միայն առանձին գործարարներ, ովքեր սերտորեն կապված են իշխող վերնախավի հետ: Դրանից հետևում է, որ տվյալ համաձայնագիրը երկու երկրների վերնախավերի շահերից է բխում: Փաստորեն, Ռուսաստանը, որը հերթական անգամ Հայաստանին ռազմական օգնություն է ցուցաբերել, Ադրբեջանին օգնում է միայն տնտեսական ոլորտում:
«Ազադլիղի» հետ զրույցում «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության փոխնախագահ Նուրեդին Մամեդլին նշել է, որ Մեդվեդևի այցը Բաքու, որն իրականացվում է Հայաստան կատարած այցից հետո, նպատակ ունի ցույց տալ, որ Ռուսաստանը երկու կողմերի հանդեպ «հավասարակշռված քաղաքականություն է» վարում: Սակայն, քաղաքական գործչի կարծիքով, դա այդպես չէ:
«Երևանում ստորագրված պայմանագիրը նպատակաուղղված է Ադրբեջանի տարածքների ազատագրման կանխարգելմանը», – ասել է Մամեդլին:
Մամեդլին անդրադարձել է նաև Ռուսաստանի կողմից C-300 համարկարգի հնարավոր վաճառքին Ադրբեջանին` նշելով, որ «տարածքների ազատագրման համար» իրենց հարկավոր է գնել հարձակողական, այլ ոչ թե պաշտպանական սպառազինություն:
Ինչ վերաբերում է ներդրումների փոխադարձ պաշտպանության պայմանագրին, Մամեդլիի կարծիքով, «օլիգարխիկ խմբերը, որոնք մենաշնորհել են Ադրբեջանի տնտեսությունը, փորձում են երկրից դուրս բերել իրենց կապիտալը և ներդնեն այլ երկրներում»:
«Իրենց այժմ իրավական հիմք է հարկավոր` արտերկրներում սեփական կապիտալը պաշտպանելու համար, այդ իսկ պատճառով ծրագրվում է ներդրումների պաշտպանության մասին Ռուսաստանի հետ պայմանագիրը», – նշել է Մամեդլին: