Սերժ Սարգսյանն Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Ստեփանակերտի թիվ 11 նորակառույց դպրոց և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն: Դպրոցի ուսուցչի հարցին, թե մինչև ե՞րբ է Ադրբեջանը շարունակելու իր ներկա քաղաքական կուրսը, Ս.Սարգսյանն ասաց.
«Լավ կլինի, որ այս հարցը Ալիևին տաք, որովհետեւ ես չեմ կարող Ադրբեջանի քաղաքականության համար պատասխանատու լինել: Ես առավելագույնը կարող եմ պատասխանատու լինել Հայաստանի և, ինչ-որ չափով, մեր ժողովրդի տարբեր հատվածների կողմից իրականացվող քաղաքականության համար: Մյուս կողմից` ես զարմանում եմ, որ Դուք զարմանում եք Ադրբեջանի գործողությունների, քայլերի առիթով և մի քիչ էլ զարմանում եմ, որ անհանգստանում եք <…>
Հիմա ավելի կոնկրետ` այո, հավաստի տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանի քննարկմանն են ներկայացնելու մի բանաձև (ամենայն հավանականությամբ սեպտեմբերի 9-ին), որի ընդունվելը կամ չընդունվելը չի կարող էական ազդեցություն ունենալ Արցախի և Հայաստանի ո′չ քաղաքական, ո′չ տնտեսական կյանքում, ո′չ էլ անվտանգության բնագավառում: Այդ բանաձևին, հավանաբար, կողմ կքվեարկեն մի քանի տասնյակ երկրներ:
Թերևս, այն երկրները, որոնք մշտապես համերաշխություն են ցուցաբերում Ադրբեջանի հետ. առաջին հերթին, դրանք Իսլամական կոնֆերանսի կազմակերպության երկրներն են: Բայց վստահ եմ, որ բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են, որպեսզի այդ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով, դեմ են քվեարկելու այս բանաձևին: Առնվազն, գոնե ձեռնպահ են մնալու, որովհետեւ նրանք շատ լավ գիտակցում են, որ այդպիսի բանաձևերի ընդունումը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա:
Սա` մի հանգամանք, և երկրորդ հանգամանքը` կարծում եմ, որ շատ շատերի համար պարզ է, որ Ադրբեջանը հերթական անգամ կոպիտ սխալ է թույլ տալիս, և այդ կոպիտ սխալը մենք պետք է օգտագործենք մեր նպատակներին հասնելու համար: Ակնհայտ է, որ մեր կողմից ևս քայլեր կլինեն, և այդ քայլերը մեզ կմոտեցնեն մեր նպատակին:
Բայց, նորից եմ խնդրում, որ ինձ հարցնեք մեր գործունեության մասին, իսկ մեր գործունեությունը մշտապես պետք է ուղղված լինի նրան, որ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև մնացած երկրները համոզված լինեն, որ հետդարձի ճանապարհ չկա, որ որևէ կերպ բացառվում է Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանի կազմ, որ Արցախն արդեն իսկ կայացած պետություն է, միգուցե` փոքր, միգուցե` դեռևս պրոբլեմներով լի, բայց պետություն է, և այս պետությունն ամրապնդվելու, զարգանալու է:
Գիտեք, դուք երեխաներին բացատրում եք, որ տարին ունի չորս եղանակ, և որեւէ մեկը չի կարող փոփոխել դա: Ուզես, թե չուզես, գարնանը հաջորդում է ամառը, ամռանը` աշունը, աշնանը` ձմեռը: Եվ այդպես էլ անփոփոխելի է մեր ընթացքը: Այս ընթացքը շարունակվելու է: Նորից վերադառնամ խնդրին, դուք ձեր ճակատում պետք է շարունակեք պայքարը, մենք` մեր ճակատում, սպաները, զինվորները` իրենց ճակատում: Եվ եթե մենք կարողանանք մեր բնագավառներում հաջողության հասնել, այն ժամանակ կարող ենք ասել, որ մեր պրոբլեմները քչանում են»: