Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը պաշտոնապես հայտարարել էր, որ Կաթողիկոսության ներկայացուցիչները չեն մասնակցի «Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման հանդիսությանը»: Այս մասին հայտնում է Կաթողիկոսության տեղեկատվական բաժինը:
Նման որոշման կայացման այլ պատճառների թվում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը նշում է «Թուրքիայի հետևողական ուրացման և ժխտման քաղաքականությունը»:
«Արդարև, բացահայտ իրողություն է, որ այս նախաձեռնության ճամփով, Թուրքիան փորձում է միջազգային համայնքին ու հայ ժողովրդին ներկայանալ խաղաղասերի, բարի դրացիի ու մարդկային իրավունքների պաշտպանի քողով, որի հետևում գտնվում է նույն ցեղասպան Թուրքիան` իր ուրացման և ժխտման նենգ դիվանագիտությամբ», – ասված է Կաթողիկոսության պաշտոնական բացատրության մեջ: