Չելյաբինսկում «Տորնադո» ռոք-փառատոնի ժամանակ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով տուժել է 19 մարդ: Փառատոնն անցկացվել է օգոստոսի 27-29-ը Միասսում:
Իշխանության ներկայացուցիչ Օլեգ Գրաչյովի փոխանցմամբ` ծեծկռտուքի պատճառ է դարձել սրճարաններից մեկի տիրոջ և հաճախորդի միջև ծագած վեճը, հաղորդում է Интерфакс-ը:
Տուժածներից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուսներին բժշկական օգնություն են ցուցաբերել տեղում: Ձերբակալվել է ծեծկռտուքի 8 մասնակից:
Ըստ իշխանությունների տվյալների` երկու հաճախորդ գարեջրով մտել են սրճարան, տեղավորվել սեղանի շուրջ և սկսել են գարեջուրը ըմպել: Սրճարանի տերը, ով ազգությամբ հայ է, պահանջել է խմիչք պատվիրել սրճարանից, այլ ոչ թե ըմպել ներս բերած գարեջուրը, ինչից հետո նրանց միջև վեճ է ծագել: Գրաչյովի խոսքերով` սրճարանի տերը որոշել է ցույց տալ իր` «լավ տղա» լինելը և 80 մարդուց բաղկացած խմբավորումներ է հավաքել և ուղարկել հարցեր լուծելու: Իսկ թե ինչու են խմբի անդամները ծեծի ենթարկել փառատոնի մասնակիցներին, ովքեր անմիջական կապ չունեն վեճի հետ, Գրաչովը չի պարզաբանել:
Ինչպես հաղորդվում էր նախօրեին, կիրակի գիշերը փառատոնի անցկացման տարածք են ներխուժել տասնյակ սափրագլուխներ և սկսել են ծեծել փառատոնի հյուրերին և միջոցառումը հսկող ոստիկաններին: Սկզբում տեղի ԶԼՄ-երը հաղորդել էին 14-ամյա աղջկա մահվան մասին, սակայն ավելի ուշ այդ լուրը հերքվեց: Ոստիկանությունը նաև հերքում է այն տեղեկատվությունը, թե ծեծկռտուքի պատասխանատուները սափրագլուխներն են, մինչդեռ ականատեսների վկայությունները որևէ կապ չունեն ոստիկանության տարբերակի հետ:
Հանդիսատեսներից մեկի խոսքերով` հարձակվողները շատ նման էին սափրագլուխների: Նրանք ճաղատ էին, մինչ գոտկատեղը մերկ և զինվորական կոշիկներով էին: Հարձակվողները ծեծում էին անխտիր բոլորին:
Մեկ այլ ականատեսի խոսքերով` այնպիսի տպավորություն էր, որ գործողությունը լավ կազմակերպված էր: «Նրանք եկան, իրենց գործն արեցին և գնացին: Իսկ ոստիկաններին ուղղակի մի կողմ հրեցին և սկսեցին ծեծը», պատմում է ականատեսը: