«Մեզ միշտ հարցրել են, ինչու ենք հանդուրժում ռուսական բազաները Հայաստանում: Մենք բացատրել ենք թե’ Ամերիկային, թե’ այլ հետաքրքրվող երկրներին. տվեք մեզ անվտանգության այլ երաշխիք, բազաների հանելու հարցը վաղը դնենք», – այսօր լրագրողներին ասել է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նա փաստեց, որ նշված առաջարկը մնաց անպատասխան:
Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին պայմանագիրը, ըստ պատգամավորի, նոր որակ է հաղորդում մեր անվտանգության երաշխիքներին:
«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ռազմական անվտանգության 80%, եթե ոչ ավելին, պայմանավորված է այսօր Ռուսաստանի հետ հարաբերություններով», – փաստել է պատգամավորը:
Ռազմական անվտանգության հետ կապված Հայաստանը որևէ իրական այլընտրանք չունի, կարծում է Ռուսատամյանը. «Այդ ծավալը բարձրացնելունն ուղղված ցանկացած քայլ, բնականաբար, դրական է»:
Հայաստանը, Ռուստամյանի խոսքերով, նոր քայլ չի կատարել, որովհետև «1995 թվականից այդ բազաներն ուներ տեղադրած իր տարածքում, փոխվել է ծավալը, փոխվել են ժամկետները»: