Վերջերս հայկական մամուլում տեղ գտան հրապարակումներ, թե հնարավոր է ԵՊՀ
ռեկտոր Արամ Սիմոնյանը ժամանակից շուտ պաշտոնանկ արվի, իսկ որպես ռեկտորի պաշտոնի հիմնական հավակնորդ շրջանառվում էր Սերժ Սարգսյանի
եղբոր` ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանի անունը:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Արամ Սիմոնյանը, պատասխանելով Epress.am-ի հարցին, անդրադարձավ իրեն պաշտոնանկ անելու մասին լուրերին` նշելով, որ դրանք պարզապես ասեկոսեներ են:
«Մի հավատացեք
բանբասանքներին, երբ ընտրվեցի ռեկտորի պաշտոնում, սկսվեցին իմ` պաշտոնանկ լինելու
մասին լուրերը: Մինչև ժամկետի ավարտը պիտի աշխատեմ: Հետո ԵՊՀ
խորհուրդը կընտրի ամենաարժանավորին: Եվ նախագահի եղբայրը և Համալսարանի մյուս
դոկտոր-պրոֆեսորները հնարավորություն ունեն իրենց թեկնածությունն առաջադրելու»,-
ասաց Արամ Սիմոնյանը և հավելեց, որ Համալսարանում այդ մասին
չեն էլ մտածում. նման լուրերը միայն մամուլում են շրջանառվում: