Անցյալ տարվա պայմանագրով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը պարտավորվել է 10 մլն. դոլարի վարկ տրամադրել ВТБ բանկին: Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խումբն այս քայլը դիտարկում է որպես ոչ անմիջական, բայց հանցավոր աջակցություն Թեղուտի շահագործման նախագծին:
Ասյօր Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խմբի ակտիվիստները ակցիա են կազմակերպել Եվրոպական բանկի երևանյան գրասենյակի շենքի մոտ:
Ինչպես Epress.am-ին տեղեկացրեց նախաձեռնող խմբի անդամ Հրայր Սավզյանը, ակտիվիստներից մի քանիսը հրավիրվեցին տնօրենի մոտ, երիտասարդները ներկայացրեցին իրենց պահանջները և նամակ հանձնեցին բանկի ներկայացուցիչներին: Վերջիններս խոստացել են մոտ ժամանակներում պատասխանել ակտիվիստների նամակին:
«Պահանջում ենք, որ իրենց գործընկեր ВТБ-ի գործողությունները դատապարտեն: Եթե դա չստացվի, մենք կոչ կանենք, որ ընդհանրապես չֆինանսավորի, 10 մլն. դոլարը չփոխանցվի», – ասաց Սավզյանը:
Նշենք նաև, որ, ըստ ակտիվիստի, գումարի մի մասն արդեն փոխանցվել է ВТБ-ին: