Home / Армения / Հրանտ Դինքի գործը ստիպում է Թուրքիային փոխզիջումների՞ գնալ

Հրանտ Դինքի գործը ստիպում է Թուրքիային փոխզիջումների՞ գնալ

Թուրքիան այլևս չի փորձելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում
պաշտպանել կամ հակընդդեմ հայց ներկայացնել խոսքի ազատության խախտման հետ կապված մեղադրանքների
դեպքում: Փոխարենը թուրքական կողմը փորձելու է բարեկամաբար լուծել նման գործերի ելքը
հայցվորների հետ: Այս մասին այսօր NTV հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի
արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:

«Այն դեպքերում, երբ մեր օրենքերը հակասության մեջ են մտնում համաշխարհային
կամ եվրոպական դատարանի սկզբունքների հետ, Թուրքիան միշտ չէ, որ պաշտպանվելու է: Մենք
արդեն աշխատում ենք այս խնդրի վրա, փորձում ենք հասկանալ` ինչ կարգի քայլեր մենք պետք
է ձեռնարկենք, որպեսզի նման դեպքերում խնդիրը լուծենք առանց դատական գործընթացի միջով
անցնելու», – ասել է Դավութօղլուն:

Նշենք, որ Թուրքիան կտրուկ փոխեց իր դիրքորոշումն այն բանից հետո, երբ
պարզ դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել բավարարել
Հրանտ Դինքի ընտանիքի հայցն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության:

Ըսը այդմ, Թուրքիայի Հանրապետությունը դատապարտվել է Հրանտ Դինքի կյանքի
անվտանգությունը չապահովելու և կարծիքի ազատությունը արգելելու մեղադրանքներով:
Epress.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ վճիռը պաշտոնապես հրապարակվելու է սեպտեմբերի
14-ին, Հրանտ Դինքի ծննդյան օրվանից մեկ օր առաջ:

Նշենք, որ այս պահին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Թուրքիայի
դեմ 13,000 հայց է ներկայացված:

Հեռուստահարցազրույցի ընթացքում Ահմեթ Դավութօղլուն նշել է, որ 2009թ.
սեպտեմբերից ինքն անձամբ է զբաղվում կարևորագույն հայցերով և շատ դեպքերում նա խորհուրդ
է տվել բարեկամական լուծման գնալ:

Թուրքիան Դինքի ընտանիքին նույնպես առաջարկել էր բարեկամաբար լուծման
գնալ, սակայն Հրանտ դինքի փաստաբանները ընտանիքի անունից մերժել էին այդ առաջարկը:

Փաստաբան Արզու Պեճերիքը «Ակոսի» հետ զրույցում հայտնել է, որ Հրանտ Դինքի
սպանության գործով ողջ դատավարության ընթացքում իրենց պահանջները շարունակաբար մերժվել
են, բացի այդ, «բարեկամական լուծման» տարբերակը խիստ կասկածելի է թվում: Ըստ Պեճերիքի,
կառավարության ազնվությանը կասկածելու պատճառ է նաև այն, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ
Թայիփ Էրդողանն արգելել էր հետաքննություն սկսել պարզելու համար` արդյոք երկրի Ազգային
անվտանգության գործակալությունը որևէ առնչություն ունի Դինքի սպանության հետ:

Դավութօղլուն իր հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Դինքի գործին` նշելով, որ առաջարկելով բարեկամաբար լուծել հարցը` Թուրքիան ընդունում է, որ Դինքի
հետ կապված երկու գործերում (խոսքի ազատության սահմանափակումը և կյանքի ազատության
սահմանափակումը) լուրջ տարբերություններ կան, և պատրաստ է անել այն, ինչ հարկավոր է:

Սակայն Թուրքիայում Ահմեթ Դավութօղլույի խոսքերը թերհավատորեն են ընդունվել:

Պատգամավոր Հասիպ Կապլանը, ով ներկայացնում է «Անկախություն և ժողովրդավարություն»
կուսակցությունը, Hurriyet-ի հետ զրուցյում նշել է, որ նման գործերում առաջընթաց ապահովելու
համար Թուրքիան պարզապես պետք է չեղյալ համարի հայտնի 301 հոդվածը, ինչպես նաև
215, 216, և 220 հոդվածները, որոնք վերաբերում են ահաբեկչության դեմ պայքարին:

Նույն կարծիքն է հայտնել փաստաբան Քամիլ Թեքինսյուրեքը, ով հետևում է
դատավարության ընթացքին: Նրա խոսքով` Թուրքիայի իշխանությունների կողմից կայացրած որոշումն
անկեղծ չէ և կայացվել է միայն Դինքի դեպքի համար:

Շատերը նշում են, որ Թուրքիայի կառավարությունը նման քայլի գնաց միայն
այն ժամանակ, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Դինքի գործով որոշումը
կայացվեց:

«Եթե անգամ Թուրքիան պատրաստ է բարեկամաբար լուծում գտնել դեպքերից 
շատերում, հայց ներկայացրածների հիմնական մասը չի համաձայնի ընդունել դա, որովհետև
նրանց նպատակը ոչ թե փոխհատուցում ստանալն է, այլ ապացուցելը, որ Թուրքիան մեղավոր
է», – ասել է Թեքինսյուրեքը: