Home / Армения / Մխիթարյանը կօգնի «Շախտյորին» Չեմպիոնների Լիգայում. Լուչեսկու

Մխիթարյանը կօգնի «Շախտյորին» Չեմպիոնների Լիգայում. Լուչեսկու

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ ռումինացի Միրչա Լուչեսկուն նշել է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին նա նկատել էր դեռևս այն ժամանակ, երբ վերջինս խաղում էր Երևանի «Փյունիկում»:

«Արդեն այն ժամանակ` 18 տարեկանում, այդ տղան հիանալի տեխնիկայով և դաշտում ոչ ստանդարտ գործողություններով էր աչքի ընկնում», – ասել է Լուչեսկուն «Սպորտ էքսպրես» թերթին տված հարցազրույցում:

««Շախտյորում» խաղալու համար նա պետք է մի փոքր մեծանար, և հիմա, կարծում եմ, դա տեղի ունեցավ», – հավելել է մարզիչը:
 
Լուչեսկուն նաև խոստովանել է, որ շարունակում էր ուշադիր հետևել Մխիթարյանին, երբ վերջինս հանդես էր գալիս Դոնեցկի երկրորդ թիմում` «Մետալուրգում»:

«Շատ կարևոր է, որ այս ֆուտբոլիստն արագ հարմարվեց Ուկրաինայի առաջնությանը, որտեղ տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներին հեշտ չի լինում: Անցյալ տարի նա նաև ճանաչվել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Համաձայնեք, այդ տարիքում քչերին է դա հաջողվում», – ասել է Լուչեսկուն:

Պատասխանելով այն հարցին, թե որ դիրքում են օգտագործելու Մխիթարյանին, Լուչեսկուն ասել է հետևյալը.

«Նա պետք է դաշտի կենտրոնում մրցակցի Ժադսոնի հետ»:

Լուչեսկուն նաև հույս է հայտնել, որ իր թիմի նոր կիսապաշտպանը, ով «Շախտյորին» կմիանա Եվրո-2012-ի ընտրական հանդիպումներից հետո, կօգնի իր նոր թիմին Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարում: