Այսօր ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը հայտարարեց, որ վաղվանից 10 օրվա ընթացքում իր գլխավորած ծառայությունը բոլոր դպրոցների մոտ իրականացնելու է խստացված հսկողություն:
Նա խորհուրդ տվեց բոլոր աշակերտներին և ծնողներին փողոցն անցնել գծանշված տեղերից, հետևել ճանապարհատրանսպորտային նշաններին:
Սարգսյանն անդրադարձավ նաև այն ծնողներին, որոնք սովորություն են դարձրել իրենց երեխաներին մի քանի մեքենայով դպրոց բերել: Նա հորդորեց վերջիններիս երեխաներին իջեցնելուց հետո անմիջապես լքել դպրոցի տարածքը, հակառակ դեպքում` խոստացավ «առանց բացառության» բոլոր կարգը խախտողներին ենթարկել վարչական պատասախանատվության:
Սարգսյանն ավելացրեց, որ նույն ռեժիմով ոստիկանները կաշխատեն նաև բուհերի մոտ: Նրա տեղեկացմամբ` վաղվանից իրենց ծառայության աշխատակիցները կսկսեն աշխատել սովորականից կես ժամ շուտ` ժամը 08:00-ից: