Home / Армения / «Որդիներ չունենք բանակին տալու». Զոհվածների հարազատները պատրաստ են ամեն քայլի

«Որդիներ չունենք բանակին տալու». Զոհվածների հարազատները պատրաստ են ամեն քայլի

Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիան էին կազմակերպել Հայաստանի Հանրապետության բանակում սպանված զինվորների հարազատները: Կառավարության շենքի դիմաց կանգնած էին ոստիկանության ներկայացուցիչներ, ինչպես նաև մի ոստիկանական մեքենա: Սպանվածների հարազատները լացելով պատմում էին, որ այլևս չեն կարող հանդուրժել այս ամենը, որ պայքարելու են այնքան ժամաանակ, մինչև չպատժվեն մեղավորները:

«Մենք պահանջում ենք արդար դատավարություն, իսկ մեզ անընդհատ խաբում են: Դատի օրը գնում ենք դատարան, ասում են դատն արդեն վերջացել ա: Ինչ ա սա նշանակում, ոնց կարողա դատն առանց զոհվածի հարազատների սկսվի: Մենք պահանջում ենք դատախազի հրաժարականը: Ինչքան կարել ա մեղավորները ազատ ֆռֆռան փողոցներում,- արցունքն աչքերին պատմում էր անցյալ տարի նոյեմբերին Ղարաբաղում զոհված Գրիգորյան Խաչիկի տատիկը,- ես պահանջում եմ թոռնիկիս վերադարձնեն ինձ, ես բանակ եմ ուղարկել տղիս, որ հայրենիքը պաշտպանի, նրա դիակն եմ ստանում: Մենք էլ որդիներ չունենք բանակին տալու, որովհետև նրանց բանակ են զորակոչում ոչ թե հայրենիքը պաշտպանելու, այլ նույն հայրենիքի, հայի զոհն են դառնում:  Ես չէի մտածի, եթե թոռնիկս հայրենիքի համար զոհված լիներ, թշնամու գնդկաից վիրավորված լիներ: 10 ամիս ա անցել, ոչ մի պատասխան չենք ստանում: Եթե չպայքարենք, բոլորի երեխաներն են զոհ դառնալու էս գիշատիչների ձեռքը: Հրամանատարի կինը հարսիս ծեծել ա, սպանվածի հարազատին ծեծում են, հասկանում եք, դատարանից դուրս են անում ու ծեծում»,- պատմում էր զոհվածի տատիկը:

Մեկ այլ զինվորի հարազատն էլ պատմեց, որ դատարանում կատարյալ անկարգություն է տիրում.

«էլ ինչ դատ, երբ դատավորը ներս ա մտնում, չեն ասում` ոտքի դատարանն է գալիս, ինչ դատ, եթե ծնողին հրելով դուրս են հանում ու ասում` մի խանգարեք, մենք դատ ենք անում: Խուժան դատարան ա…»:

Զոհվածների հարազատները հաստատակամ ասացին, որ եթե արդար դատավարություն չլինի և մեղավորները չպատժվեն, իրենք պառկելու են փողոցի մեջտեղը ու, իրենց խոսքերով, արդեն մեկ է, թե ինչ կլինի իրենց հետ: