Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերականգնման աշխատանքներին մասնակցելու են ինչպես հայ, այնպես էլ իտալացի մասնագետներ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այդ մասին ասել է ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը:
Այս տարի Մինասի երկու որմնակարների վերականգնմանը կառավարությունը հատկացրել է 20 մլն դրամ։ Գյումրու էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանի մասնաշենքում գտնվող «Խաչքարի մոտ» և «Հանդիպում» որմնանկարների վերականգնման գործում հայ մասնագետներին կաջակցի Իտալիայից այսօր ժամանող մասնագետը` Ֆաբրիցիո Յակոբինին, և կսկսվեն աշխատանքները: Դրանք կտևեն մինչև սեպտեմբերի 10-ը:
“Առհասարակ, վերականգնողկան աշխատանքները տևում են 3 փուլով”,- ասել է Սոնա Հարությունյանը:
Վերականգնողական աշխատանքների երկրորդ փուլը սկսվելու է սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 6-ը, իսկ երրորդ` վերջնական փուլը, սկսվելու է հոկտեմբերի 25-ից և տևելու մինչև նոյեմբերի 3-ը, որը լինելու է ամրակայման և փոխադրման փուլ, և 2 որմնանկարները կտեղափոխվեն Երևան ու կտեղադրվեն Կառավարության նիստերի դահլիճում:
“Այնուհետև Կառավարության օգնությամբ հետո կանցնենք մնացած որմնանկարներին, որոնք շատ-շատ են Շիրակի մարզում’, – նշել է Սոնա Հարությունյանն ու ավելացրել, որ Կառավարությունը հասարակությանը հնարավորություն կընձեռի ծանոթնալ Մինասի գործերին` կազմակերպելով բաց դռների օր` շաբաթվա մեջ մեկ օր, ինչպես Ազգային ժողովն է կազմակերպում: