Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրթության և գիտության հարցերի շուրջ բանավիճեցին ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ու Կրթության և գիտության նախարարության բժշկակենսաբանական միջզգային ուսումնական կենտրոնի հիմնադիր Սիներիկ Հայրապետյանը: Վերջինս սեպտեմբերի մեկը համարեց հարմար առիթ վերանայելու գիտակրթական համակարգի դիրքը տածաշրջանում:
Հայրապետյանը փաստեց, որ աշխարհի 10 000 համալսարանների մեջ ԵՊՀ-ն գրավում է ընդամենը 4823-րդ տեղը:
“Բաքվի համալսարանը 200 տեղով մեզանից առաջ է: Իրանը եռանիշ թվերի մեջ է, իսկ Ստամբուլի համալսարանը 30 համալսարանների մեջ է: Մեզ հավասար է միայն Վրաստանը”, – ասել է Հայրապետյանը:
Նրա խոսքով` այս ցուցանիշը բավական տխրեցնող է, մինչդեռ Արտակ Դավթյանի կարծիքով` ԵՊՀ-ն միջին տեղ է զբաղեցնում և դա “այդքան էլ վատ չէ”:
Անդրադառնալով Գիտությունների ազգային ակադեպմիայի գործունեությանը` Սիներիկ Հայրապետյանը նշեց, որ այն պետք է լուծարվի, քանի որ ստեղծված է խորհրդային կարգերին մատակարարելու համար:
“ԳԱԱ-ն նոր կազմ պիտի ստեղծի: Մենք դա դեռ առաջարկել ենք 1990 թվականին: Ակադեմիայում պիտի ներգրավված լինի մեր ազգի գիտական սերուցքը, որը պիտի իշխանություններին հուշի` ինչ գիտատեխնիկական քաղաքականություն վարել”,- ասաց Հայրապետյանը և հավելեց, որ երեք նախագահներն էլ փորձել են այդ հարցը լուծել, սակայն առաջընթաց չի գրանցվել:
Բանախոսը նաև նշեց, որ այսօր Հայաստանում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերը ոչ մի տեղ ընդունելի չեն: “Այսինքն` օրենսդրական դաշտը խիստ կարիք ունի վերանայվելու: Իսկ այդտեղ տիրող կոռուպցիայի առկայության պատճառն այն է, որ պետական վերահսկողության պակաս կա այդ բնագավառում”,- ասել է նա:
Արտակ Դավթյանը հակադրվեց նրան. “Չեմ կարծում, որ մեզ մոտ օրենսդրական բազա չկա, այժմ մեր հանձնաժողովում է գտնվում ԳԱԱ մասին օրենքը, և ես ուղղակի կհորդորեի այս քննարկումների ժամանակ նաև Դուք ձեր առաջարկներն ու կարծիքները ներկայացնեիք: Ես խոստանում եմ, որ ամենայն լրջությամբ կհետևեմ ձեր տեսակետներին և համոզվելու դեպքում դրանք կհամարեմ իմ տեսակետը և ամեն ինչ կանեմ, որ այդ փաթեթի մեջ տեղ գտնեն նաև այն առաջարկությունները, որ կարող են լավացնել, բարելավել օրենսդրական դաշտը”: