Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի և Ադրբեջանի ազգային հեռուստաընկերությունները ղեկավարվում են իշխանությունների կամ նրանց ներկայացուցիչների կողմից` անկախ հաղորդումներ իրականցնելու հնարավորությունը նվազագույնի է հասնում: Սա հատկապես վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, Global Voices կայքում գրում է բլոգեր Օնիկ Գրիգորյանը (Onnik Krikorian):
Երկու կողմերի միջև շփումը չի խրախուսվում, և քաղաքացիների մեծ մասի համար դա անհնար է: Այնուամենայնիվ, հեղինակը նշում է, որ սոցիալական մեդիան այժմ փորձում է լցնել այդ բացը և խախտում է ազատ խոսքի հետ կապված պետական սահմանափակումները:
Ինտերնետը միակ միջոցն է, որի օգնությամբ այսօր հնարավոր է դիտել և տարածել տարբեր բնույթի ֆիլմեր: Նման ֆիլմերը ավանդական ԶԼՄ-ով սովորաբար չեն ցուցադրվում:
Այսպիսի ֆիլմերից շատերն անկրկնելի են և եզակի: Դրանք փորձում են ցույց տալ, որ ղարաբաղյան հարցում պատերազմն անիմաստ է:
«8-րդ կիլոմետրի վրա» ֆիլմը, որը Հայաստանի և Ադրբեջանի Internews-ի համատեղ աշխատանքի արդյունքն է, ցույց է տալիս այլազգիների հետ ամուսնացած կանանց կյանքը, ովքեր հեռու են իրենց կենսաբանական ընտանիքներից:
«Սիրո մասին բոլոր ֆիլմերում» վերնագրով մեկ այլ ֆիլմ մի հայի պատմությունն է, ում կինը ադրբեջանցի է: Թե կինը, թե տղամարդը պատերազմի տուժածներ են, սակայն նրանք շարունակում են միասին լինել և սիրել իրար:
«Спектр» ֆիլմում մի խումբ հայ և ադրբեջանցի նկարիչներ վերլուծում են ղարաբաղյան խնդիրը և այն համոզման են գալիս, որ երկու կողմերի միջև շփումը անհրաժեշտ է: Իսկ խաղաղության հաստատումը հնարավոր է իրականացնել իրենց աշխատանքների միջոցով:
Համացանցում կարելի է գտնել նաև «Քամանչա-նամե» ֆիլմը: Այն երկու երաժիշտների պատմությունն է, ովքեր սիրահարված են քամանչային: Այս երաժշտական գործիքը երկու երկրների ավանդույթի կարևոր մասն է և մեծ արժեք ունի նրանց համար: Չնայած ԶԼՄ-երը փորձում են ցույց տալ երկու երկրների միջև գոյություն ունեցող տարբերությունները, ֆիլմը պատմում է նմանությունների մասին:
Հայ-ադրբեջանական համագործակցության ամենավառ օրինակներից է «Իմ թշնամի-իմ ընկեր» ֆիլմը, որը գերի ընկած հայ և ադրբեջանցի մարդկանց մասին է:
Ուսումնասիրելով կարծրատիպերը` պարզ է դառնում, թե որքան սահմանափակ է ղարաբաղյան խնդրին վերաբերող երկու կողմերի տրամադրած տեղեկատվությունը: Նշված ֆիլմերը փորձում են լրացնել տեղեկատվական բացը, որը կա երկու երկրներում: