2008 թվականի հետընտրական իրադարձությունների զոհերի հարազատները նամակով դիմել են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գլխավոր քարտուղարին և նախագահին՝ պահանջելով ստիպել Հայաստանի իշխանություններին բացահայտել զոհերի մահվան հանգամանքները: Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը:
ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղար Մատեո Սորինասին և նախագահ Մևլութ Չավուշօղլուին հասցեագրված նամակում «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդները, մասնավորապես, ասում են.
«Այսօր լրանում է երկուսուկես տարի այն օրվանից, երբ Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանում իշխանությունները հրամայեցին ոստիկանությանը եւ ոստիկանական համազգեստով քրեական տարրերին կրակ բացել խաղաղ ցուցարարների վրա, արդյունքում զոհվեց 10 մարդ»։
Նամակը Հայաստանում ԵԽ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին հանձնեց 2008 թվականի մարտի 1-ին «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցից սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը։