Այսօր առավոտվանից Կառավարության շենքի դիմաց հավաքված զոհված զինվորների հարազատներին թույլ չտվեցին հանդիպել ՀՀ վարչապետի հետ:
Վարչապետի փոխարեն Կառավարության շենքից դուրս եկավ Կառավարության դիմումում-բողոքների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը և փորձեց հանգստացնել հարազատներին` համոզելով նրանց, որ կառավարությունը ոչ մի դեր չի կարող ունենալ հարցի լուծման մեջ և նույնիսկ իրավասություն չունի որևէ կերպ միջամտելու:
Ալեքսանդր Ղազարյանի խոսքերով` զոհվածների հարազատները պետք է գործ ունենան դատական ատյաների հետ:
Դրան ի պատասխան` զոհվածներից Խաչիկ Գրիգորյանի մայրը ցույց տվեց իր ձեռքի կապտուկները, որ ստացել էր վերջին դատավարության ժամանակ, երբ իրեն բռնի ուժով հանել են դատարանից:
Կառավարության շենքի մոտ էր նաև ՊՆ կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը, որը ևս փորձում էր հանդարտեցնել կրքերը: Սակայն զոհվածների ծնողները և հարազատները չէին ցանկանում որևէ արդարացում լսել:
“Մենք մեր որդիներին ենք ուզում, ետ տվեք մեր հարազատներին. Մեծացրել ենք, պահել ենք, որ գնան ու բանակում սպանվե՞ն”,- բղավում էր զոհվածներից մեկի տատիկը:
“Արի ինձ սպանի, թե կհանգստանաս, ինձ սպանի պրծի”,- ասաց Ալեքսանդր Ղազարյանը: