Թուրքական ռազմակայանը Նախիջևանում Թուրքիայի շահերից չի բխում, 1news.az-ին տված հարցազրույցում ասել է Եվրոպական քաղաքագիտության կենտրոնի վերլուծաբան Ամանդա Փոլը:
Նրա խոսքերով` Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ չի կարող նման որոշում կայացնել` առանց Հյուսիատլանտյան դաշինքի գործընկերների հետ խորհրդակցելու, քանի որ Ադրբեջանում Թուրքիայի ներկայությունը հավասար է Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ներկայությանը:
Վերլուծաբանը խոսել է ԱՄՆ-ի դիրքորոշման կարևորության մասին: «Նման ռազմական ուժերի առկայության դեպքում, Թուրքիան չի կարող անմասն մնալ, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններ սկսվեն»:
«Սա նշանակում է, որ եթե մեկ թուրք զինվոր զոհվի, Անկարան կարող է հիմնվել ՆԱՏՕ-ի հետ պայմանագրի 5-րդ հոդվածի վրա: Իսկ սա, անգամ վատագույն դեպքում, կնշանակի, որ ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը կարող են տարբեր կողմերում հայտնվել` բոլոր հնարավոր ծանր հետևանքներով»,- նշել է Փոլը:
Վերլուծաբանը նշել է նաև, որ Թուրքիան չի ցանկանում վտանգի տակ դնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, իսկ Նախիջևանի ռազմակայանը կարող է դիտարկվել որպես Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքնված ռազմական պայմանագրին պատասխան քայլ:
«Եթե հաշվի առնենք, որ Թուրքիան շատ ժամանակ է վատնել Մոսկվայի հետ իր հարաբերությունները բարելավելու վրա, ապա ես ոչ մի պատճառ չեմ տեսնում` ինչու Անկարան պետք է նման քայլի գնա»: