Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու կարիք մի քանի անգամ եղել է, և այժմ այդ պահերից մեկն է: Այս մասին այսօր ԼՂՀ անկախության հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված ասուլիսին ասել է քաղաքագետ Լևոն Մելիք-Շախնազարյանը:
Քաղաքագետն այս պահը կապում է միջազգային դատարանի կողմից Կոսովոյի ճանաչման հետ:
«Կարևորն այստեղ դատարանի տրված ձևակերպումն էր, այսինքն` ինքնահռչակումը չի հակասում միջազգային իրավունքին», – ասել է Մելիք-Շախնազարյանն ու համոզմունք հայտնել, որ շատ ավելի լավ կլինի, եթե Ղարաբաղի անկախությունը ճանաչող առաջին երկիրը չլինի Հայաստանը: Միևնույն ժամանակ, քաղաքագետը կարծում է որ «այսօր արժի, որ Հայաստանը գնա այդ քայլին»:
Հարցին, թե որքանով է այսօր իրատեսական Ղարաբաղի անկախության ճանաչումն այլ երկրների կողմից, Մելիք-Շախնազարյանն ասել է. «Մեր արտաքին դիվանագիտության բացթողումներից մեկն է ոչ բավարար աշխատանքի կատարումն այս ուղղությամբ»: