Home / Հայաստան / Միակ լուծումը` Արցախի միջազգայնորեն ճանաչված անկախությունն է

Միակ լուծումը` Արցախի միջազգայնորեն ճանաչված անկախությունն է

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Արցախի անկախությունը հայոց նորագույն պատմության ամենավառ էջերից է և մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումը: Մենք խորն ենք գիտակցում անկախության գինը, որի համար իրենց կյանքով վճարեցին հազարավոր հայորդիներ: Հավերժ փա՛ ռք նրանց անմահ հիշատակին:

Մեր ողջ ժողովրդի պայքարով կերտած քաղաքական ազատությունն այսօր իրողություն է: Ավելին, Լեռնային Ղարաբաղն իր պետական կուռ կառույցով ու պաշտպանության բանակով լուրջ գործոն է տարածաշրջանում: Արցախի ներքին կայունությունը, արցախահայության միակամ ու վճռական կեցվածքը, երկրամասի համակողմանի զարգացումը որեւէ իրատես մարդու մեջ կասկած չեն հարուցում նրա ազատ ու բարգավաճ ապագայի վերաբերյալ: Մենք առաջ ենք շարժվում Հայաստան, Արցախ և Սփյուռք եռամիասնությամբ` մեր պատմական ընտրությանը հավատարիմ:

Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը կարող է ունենալ միայն մեկ լուծում, և այդ լուծումը Արցախի միջազգայնորեն ճանաչված անկախությունն է: Ինչ վերաբերում է խնդրի լուծման ռազմական ճանապարհին, ապա այդ ուղին, սիրելի՛ արցախցիներ, մենք ձեզ հետ միասին արդեն անցել ենք, եւ այդ տարբերակի արդյունքները բոլորի աչքի առաջ են: Դուք ամեն օր, ամեն ժամ ձեր ստեղծագործ աշխատանքով ու պաշտպանության երկաթյա վահանով կրկին ու կրկին ապացուցում եք, որ սրբորեն եք պահում մեր նահատակների հիշատակն ու պատգամները»: