ԼՂՀ անկախության հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ժամանած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և նրա գլխավորած պատվիրակությանն այսօր առավոտյան Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։ ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ծաղկեպսակ են դրել Ստեփանակերտի հուշահամալիրում անկախության համար նահատակվածների հուշարձանին։ Ծաղիկներ են դրվել նաև ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի գերեզմանի հուշապատվանդանին։
ՀՀ և ԼՂՀ պաշտոնատար անձինք մասնակցել են «Խատուտիկ» հուշարձանի, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կիսանդրու, Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան թիվ 11 ավագ դպրոցի նորակառույց շենքի բացման արարողություններին։ ՀՀ վարչապետը շրջել է դպրոցում, ծանոթացել ուսումնական հաստատության պայմաններին, շնորհավորել ԼՂՀ Անկախության օրվա և նոր ուսումնական տարվա առթիվ։
Օրվա երկրորդ կեսին ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է պատմական Տիգրանակերտ, եղել քաղաքատեղիի թանգարանում, ծանոթացել պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոներին, գրառում կատարել հյուրերի մատյանում։ Այնուհետև Տիգրան Սարգսյանն ուղևորվել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մեքենատրակտորային կայան։
Երեկոյան ՀՀ պատվիրակության անդամները կմասնակցեն ԼՂՀ մայրաքաղաքում կազմակերպվելիք տոնական մյուս միջոցառումներին։ Վաղն առավոտյան վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան։
 Epress.am Լուրեր Հայաստանից
Epress.am Լուրեր Հայաստանից