Երգահան Ռուբեն Հախվերդյանը` 15 րոպե շուտ ներկայանալով լրագրողների հետ հանդիպմանը, կատակեց, որ կարելի է հասցնել «մի հատ գցել»:
Ասուլիսը սկսելուց հետո Հախվերդյանը հայտարարեց, որ որևէ պաշտոնական հարցում Թուրքիայից չի ստացել և բացահայտ սուտ է համարել իր երգերի թողարկման հետ կապված պայմանագրի կնքման մասին լուրերը:
«Սա մեծ աղմուկ է ոչնչից: Հայկոն կամ Պողոսը, Պետրոսը աղավաղում է իմ երգերը: Իմ երգարվեստի մեջ բառերը մեծ նշանակություն ունեն: Եթե բառերի տեղերն են փոխում կամ ուրիշ բառ են օգտագործում, ավելի լավ չի՞
մաքուր թուրքերենով իմ ասացն ասեն, քան թե հայերեն աղավաղեն իմ երգերը», – ասաց Հախվերդյանը:
Երգչի խոսքով, եթե նրան նման խնդրանքով դիմեին, նա չէր արգելի, որովհետև մշակութային սահմաններ չկան: Փոխարենը նա ադնրադարձավ ռեստորաններում հնչող երաժշտությանը.
«Ռեստորաններից թրքաձև երաժշտություն է լսվում: Չմոռանանք, որ այն ժամանակ, երբ մենք Beatles էինք լսում, ճաշակ էինք սովորում, դեռ քիթ-կոկորդ-ականջ եղունգով մարդիկ կային», – ասաց երգահանը` ճկույթը տանելով դեպի իր քիտն ու ականջը:
Հախվերդյանի խոսքով` չի կարելի կուրորեն ատել որևէ ազգի.
«Ֆաշիստական Գերմանիայում մի հատ իդիոտ ձեռքը բարձրացնում էր վերև և միլիոնավոր մարդիկ նույն շարժումն էին անում»:
Նա ֆաշիստական երևույթ համարեց ժողովրդի կամ ազգի ամբոխ դառնալը:
Հարցին, այնուամենայնիվ, կնքվել է հեղինակային իրավունքի հետ կապված որևէ պայմանագիր, թե ոչ, Հախվերդյանն ասաց.
«Ոչ, նետ, յոխ, Էդպիսի բան չկա: Եվ էն իդիոտը, որ թուրքական բանով ա ինձ նկարել «Իրավունք» թերթում, թող հասկանա, թե բանն ինչում է: Վռազ-վռազ թող չսկսեն ինձ հոշոտել: Ընդամենը կարող են կծել իմ…մատը»: