Այսօր ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի խնդրանքով երգահան Ռուբեն Հախվերդյանն անդրադառձավ իր գործընկեր Հարութ Փամբուկչյանի արվեստին: Լրագրողի փորձին` ճշտում մտցնել հարցի մեջ Հախվերդյանը խնդրեց «տիկին-օրյորդին» թույլ տալ իրեն արտահայտվել: «Ես սպասում եմ ձեզ, պարոն Հախվերդյան», – հնչեց լրագրողի անզգույշ պատասխանը: «Ես էլ ձեզ: Բայց ի՞նչ իմաստով», – արձագանքեց երգիչը:
Քիչ անց Ռուբեն Հախվերդյանը, այնուամենայնիվ, վերադարձավ բուն հարցին. «Ձախ Հարութը հերն անիծել է շատ երգերի, բայց քանի որ նա իմ ընկերն է և, ներեցեք, նաև թասընկերը, չեմ կարող գլխին տալ»: Հախվերդյանը դրական համարեց, որ իր թասընկերը «գոնե ահագին բաներ ճիշտ և շատ զգացմունքային է երգում: Մի ծամեք էլի, ծամոնով ե՞ք» – դիմեց նա լրագրողին: «Մնում է` դուք ինձ ասեք, թե ես ինչ անեմ, պարոն Հախվերդյան: Հարց եմ տվել` պատասխանեք»:
«Դուք լավ եք կանգնել, շատ լավ և գեղեցիկ վիզ ունեք», – ասաց Հախվերդյանն ու շարունակեց իր խոսքը Հարութ Փամբուկչյանի մասին: «Նա հարսանեկան կուլտուրայի մեջ գոնե մի քիչ Եվրոպա մտցրեց: Իհարկե, որոշ բաներ այնպես չի երգում, ոնց որ պետք է, բայց նա ռաբիզ չի»:
Հախվերդյանը փաստեց, որ կան երգեր, որոնց բառերը Ձախ Հարութն աղավաղում է: Այդ հարցը երգահանն այլ կերպ է լուծում, «երբ որ գլուխջարդոցը սկսվում է իրա տանը 5-րդ բաժակից հետո»:
Երգիչը փորձեց խոսել նաև Փամբուկչյանի հետ ձայնագրած երգերի մասին, բայց «10 հազար մանեթ տակ էի տվել» նախադասությունից հետո ասուլիսի վարողը նրան ընդհատեց. «Լավ, մի ասա»:
«Երբ համերգը վերջացնում ենք, մենք փակվում ենք նրա տանը և զբաղվում, կարելի է ասել, զրույցներով, – այնուամենայնիվ, շարունակեց Հախվերդյանը, – Ուրեմն ես գնացի մոտը, մենք սկսեցինք էդ մեր զրույցը, ասեցի «Հարություն, ես ինչ-որ աշխատել էի, դա ըմպվեց: Հիմա ինչ պետք է անել»: Ասեց` մենք միասին հենց հիմա կարող ենք դիսք գրել: Մենք գնացինք, պայմանագիր կնքեցինք, փողը դրեցինք գրպաններս, 2 օրում գրեցինք էդ դիսքը»: