Home / Армения / Խալաֆյանի գործով դատական նիստն ընդմիջվեց մեղադրյալի առողջության պատճառով

Խալաֆյանի գործով դատական նիստն ընդմիջվեց մեղադրյալի առողջության պատճառով

Ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի մահվան գործով հերթական դատական նիստը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընդմիջվեց` ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի առողջական վատ վիճակի պատճառով:

Դատարանի դահլիճ բերելիս նա սրտխառնոց էր ունեցել, փսխել, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:

Հարությունյանն իր պաշտպանյալ Սեդա Սաֆարյանին փոխանցել էր, որ շատ թույլ է և ի վիճակի չէ որևէ բան անել:

Սեդա Սաֆարյանի վկայությամբ` իր պաշտպանյալի առողջական վիճակը վատ է արդեն 4 օր: Փաստաբանը միջնորդեց, որպեսզի դատական նիստը ընդմիջվի, և հնարավորություն տրվի ամբաստանյալին բուժզննման ուղարկելու:

Դատավորը 30 րոպեով ընդմիջում հայտարարեց, և շտապ օգնություն կանչվեց: Կեսօրին մոտ բժիշկները դեռ զննում են Աշոտ Հարությունյանին:

Հարությունյանը մեղադրվում է Վահան Խալաֆյանին ծեծի ենթարկելու մեջ, ինչը հանգեցրել է ինքնասպանության: Ուրբաթ, սակայն, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում նա հայտարարել էր, թե իրականում ինքնասպանություն տեղի չի ունեցել: