Այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում գործադիրը ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2011թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակը, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին պարտավորեցրել մեկ շաբաթվա ընթացքում ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ` բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ:
Կառավարությունը նաև որոշել է, որ սեպտեմբերի 6-ից ՀՀ վարչապետի մոտ պետք է անցկացվեն նախնական տարբերակի քննարկումներ։
Տիգրան Սարգսյանն այս առնչությամբ նշել է, որ կառավարությունն սկսում է բյուջետային քննարկումների երկրորդ փուլը։ Տնտեսական կյանքի գլխավոր փաստաթուղթը հանգամանորեն քննարկելուց հետո սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։