Ադրբեջանցի քաղաքագետները միակարծիք չեն Դմիտրի Մեդվեդևի` Բաքու կատարած այցի արդյունավետության հարցում:
Բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ՌԴ նախագահի այցի ընթացքում, կարելի է մտադրությունների մասին արձանագրություններ համարել, և հայտնի չէ, թե արդյոք դրանք կիրականացվեն: Նման կարծիք է հայտնել քաղաքահետ Վաֆա Գուլուզադեն:
«Այդ պայմանավորվածությունները պետք են նրա համար, որ գոնե ինչ-որ նշանակություն հաղորդվի Դմիտրի Մեդվեդևի` Բաքու կատարած այցին: Այցելելով մեր երկիր` Ռուսաստանի նախագահը ցանկանում էր հավասարակշռել իր այցը Հայաստան, որտեղ ստորագրվել են ռազմական բնույթի հակաադրբեջանական փաստաթղթեր», – ասել է քաղաքագետը:
Պետական սահմանի մասին փաստաթուղթը կարող էին ստորագրել անգամ Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները, իսկ ինչ վերաբերում է գազի մասին պայմանագրին, ապա այդ մասին կարող էին պայմանավորվել «Գազպրոմ» և SOCAR ընկերությունների ղեկավարները:
«Իսկ ինչ վերաբերում է С-300-ի ձեռքբերմանը, ապա ես դա սադրանք եմ համարում: Ինչների՞ս են պետք ռուսական С-300-ները, եթե Ադրբվեջանին Հայաստանից բացի ոչ մեկ չի սպառնում», – հավելել է Գուլուզադեն:
Ադրբեջանցի ևս մեկ քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն նույնպես կիսում է Գուլուզադեի կարծիքը և համարում, որ Մեդվեդևի` Բաքու կատարած այցը ձևական բնույթ է կրում: «Շատ են խոսում С-300-ի մասին, սակայն չեմ կարծում, որ այդ ձեռքբերումը որևէ նշանակություն ունի մեզ համար, քանի որ Հայաստանը նման հզոր ռազմաօդային ուժեր չունի»: