ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Բերնար Ֆասիեն և Ռոբերտ Բրադտկեն հանդես են եկել համատեղ հայտարաությամբ` ղարաբաղյան բանակցություններում վերջին զարգացումների վերաբերյալ:
Հայտարարության մեջ ասվում է.
«Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների շրջանակներում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մինչ ԵԱՀԿ գագաթաժողովը մեծ հույսեր են կապում կողմերի ակտիվության հետ:
Սեպտեմբերի 6-10-ը համանախագահները կմեկնեն Բաքու, Երևան, իսկ այնուհետև Լենային Ղարաբաղ` խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ լրացուցիչ հարցերը քննարկման, փոխզիջման ոգու պահպանման, ինչպես նաև հետագա անելիքների հետ կապված պայմանների ամփոփման համար:
Սեպտեմբերի 3-րդ շաբաթվա ընթացքում Մինսկի խմբի համանախագահները կմեկնեն Վաշինգթոն, այնուհետ Նյու Յորք` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում կողմերի հետ աշխատելու համար:
Սեպտեմբերի վերջից մինչ հոկտեմբերի կեսերը համանախագահները հերթական անգամ այցելելու են տարածաշրջան, որտեղ կգնահատեն իրավիճակն ու կքննարկեն կողմերի հետ նախապես համաձայնեցրած ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հարցի հիմունքները:
Բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` խորհրդականներ և փորձագետներ, ՄԱԿ-ի փախստականների գծով զբաղվող ներկայացուցիչներ, ուղեկցելու են համանախագահներին: 2005 թվականի ԵԱՀԿ պատվիրակության կատարած այցից հետո սա առաջին միջազգային այցն է:
Դրանից հետո Վիենայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կխոսեն իրենց եզրակացությունների մասին, իսկ ավելի ուշ համանախագահները կներկայացնեն իրենց ամենամյան հաշվետվությունը ԵԱՀԿ մշտական խորհրդի գործունեության մասին և կսկսեն պատրաստվել Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին:
Այս ընթացքում համանախագահները կողմերին կոչ են անում խիստ հետևել հրադադարի մասին համաձայնությանը և զսպվածություն ցուցաբերել, ամեն ինչ անել` փոխհամաձայնության ոգին պահելու համար, ինչպես նաև զերծ մնալ տարբեր տեսակի հայտարարություններից և քաղաքական կամք ցուցաբերել լուրջ երկխոսություն ծավալելու համար:
Համանախագահները դատապարտում են հրադադադարի խախտման հանգամանքը և ափսոսում` դրա հետևանքով կորսված կյանքերի համար` հիշեցնելով Ալմա-Աթայում երկու երկրների նախագահների հայտարությունը, ըստ որի` ուժի կիրառումը կբերի տառապանքի, դատարկության և թշնամանքի հարատևությանը»: