Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում բոլոր ֆուտբոլիստները ապաքինվել են վնասվածքներից և պատրաստ են Մակեդոնիայի հետ հանդիպմանը: Այս մասին հաղորդում է Epress.am-ի թղթակիցը Սկոպիեյից: Հիշեցնենք, որ Իռլանդիայի հետ հանդիպումից հետո Հանրային հեռուստատեսության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման եթերում հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտնել էր, որ թեթև վնասվածքներ են ստացել Արտակ Եդիգարյանը և Էդգար Մալաքյանը: Մեր թղթակցի փոխանցմամբ` նրանք արդեն ապաքինվել են և պատրաստ են հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը և ազգային հավաքականը ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ Սկոպյե է ժամանել այսօր առավոտյան և հանգրվանել է «Ալեքսանդր Պալաս» հյուրանոցում: Նախախաղային վերջին մարզումը մեր թիմը կանցկացնի Երևանի ժամանակով 22:00-ին: