Ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարացումը չպետք է սովորական բառերով բնութագրել, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը և հավելեց, որ եթե Ադրբեջանը դաշինք է կնքում Թուրքիայի հետ, Վրաստանը` ԱՄՆ-ի հետ, Հայաստանն էլ կարող է համագործակցել Ռուսաստանի հետ` հաշվի առնելով մեր դարավոր եղբայրությունը:
«Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, իր հերթին, կարծիք հայտնեց, որ նման քայլերով Ռուսաստանը պարզապես իր հետևողական քաղաքականությունն է առաջ տանում, և ռազմակայանների ժամկետի երկարացումն էլ ցույց է տալիս, որ Ռուսաստանն իր դիրքերն է ամրապնդում տարածաշրջանում:
«Համաձայնագիրը մենք պետք է դիտարկենք որպես Ռուսաստանի շահերի, հետաքրքրությունների դաշտի ամրապնդման շարունակություն: Բայց հարց է առաջանում` իսկ ո՞ւր է մեր` Հայաստանի նախաձեռնողականությունը»,- նշեց Լարիսա Ալավերդյանն ու հավելեց, որ Հայաստանը միշտ էլ պարզապես հետևել է ռուսական քաղաքականությանը, երբեք սեփական նախաձեռնությամբ հանդես չի եկել:
Ռաֆիկ Պետրոսյանը, հակադարձելով Լարիսա Ալավերդյանին, որպես նախաձեռնողականության օրինակ բերեց հայ-թուրքական հարաբերությունները, որի հետ Լարիսա Ալավերդյանը բացարձակապես չհամաձայնեց: Նրա խոսքերով` հայ-թուրքական հարաբերությունները հայկական նախաձեռնություն չեն, այլ` թելադրված գերտերությունների կողմից:
«Մենք արտգործնախարարություն որպես այդպիսին չունենք. Հայաստանում կա արտաքին հարաբերությունների համար նախատեսված մարմին», – հավելեց Լարիսա Ալավերդյանը: