Սեպտեմբերի 6-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միգրացիայի միջազգային կազմակերպության Եվրոպական հարևանության տարածաշրջանային ներկայացուցիչ Հանս Պետեր Բոեին, ով Հայաստանում էր գտնվում տարածաշրջանային այցով:
Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Միգրացիայի միջազգային կազմակերպության և ՀՀ կառավարության միջև ծավալված համագործակցությունը` ընդգծելով, որ բազմաթիվ ծրագրեր են մշակվել և կյանքի կոչվել երկրի համար առաջնայնություն ներկայացնող ոլորտներում:
Հանս Պետեր Բոեն շնորհակալություն հայտնեց Էդվարդ Նալբանդյանին ընդունելության համար և վստահեցրեց, որ ՄՄԿ-ը կշարունակի միգրացիայի ու միգրացիային առնչվող խնդիրներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված ջանքերը:
Զրուցակիցները քննարկեցին կանոնավոր միգրացիայի կազմակերպման խթանմանը, միգրացիայի ոլորտում քաղաքականության մշակմանը և օրենսդրական բարեփոխումներին, ՀՀ կառավարության կողմից սահմանային կառավարման բարեփոխումների իրականացմանը և մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարին, փախստականներին առնչվող հարցեր: Այս մասին հաղորդում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից: