Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է Թայմուրազ Ֆարոյանին, ով հայտնի է Թեկո մականունով:
«Ձերբակալվածը ակտիվ գործունեություն ծավալող «օրենքով գող է», ով բնակվում է Մոսկվայում, թեև ծագումով Թբիլիսիից է: Ֆարոյանը նախկինում մի քանի անգամ դատվել է, իսկ ձերբակալման պահին նրա մոտ 4,95 գրամ հերոյին են հայտնաբերել:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել «մեծ քանակությամբ թմրանյութ գնելու և պահելու» մեղադրանքով», հաղորդում է Интерфакс-ը`հղում կատարելով իրավապահ մարմինների հաղորդագրությանը:
Հաղորդագրության համաձայն` Թեկոն հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն է, ով ապրում է հանցագործությունների, այդ թվում` կողոպուտի հաշվին:
Ոստիկանության տվյալներով` Ֆարոյանը մի քանի հանցագործ խմբավորումների ղեկավար է, ինչպես նաև «օրենքով գող» Դեդ Հասանի կլանի անդամ: Նա իր հովանավորչության տակ է պահում Ռուսաստանի այլ շրջաններից վտարված գողերին և օգնում է նաև անազատության մեջ գտնվող հանցագործ աշխարհի ներկայացուցիչներին: