Facebook սոցիալական ցանցում բացվել է մի խումբ, որը պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանից «վերադարձնել հայությանը «Արարատ» թիմը և հայկական բրենդը»:
Մոտ 300-հոգանոց խմբի կոչում, մասնավորապես, ասված է. «Խնդրում ենք քայլեր ձեռնարկել, որ ՀՀ բարձրագույն խմբում հանդես եկող լեգենդար «Արարատ 73»-ի հետնորդ «Արարատ» ՖԱ-ն հանդես գա եվրոպական մրցաշարերում, կամ գոնե չխանգարել այդ թիմին սեփական ուժերով դառնալու ՀՀ չեմպիոն։
Համոզված ենք, որ հարևան Ադրբեջանը, ով միլիոնավոր դոլարներ է ծախսում «Ղարաբաղ» ՖԱ-ի` եվրոպական առաջնություններում բարձր տեղեր գրավելու համար, նպատակ ունի նման կերպ ներկայացնել Արցախը՝ որպես իր տարածք։ Իսկ մենք ոչ միայն չենք հակազդում մեր թշնամիներին, այլև ոչնչացնում ենք մեր ունեցածը։
Պարոն Հայրապետյան, խնդրում ենք Ձեզ մի պահ պատկերացնել համայն հայության հրճվանքը, երբ «Արարատը» միջազգային հանդիպումներում հյուրընկալվելիս հաղթում է թուրքական «Բեշիքթաշին»։Մեր լեգենդար «Արարատը» դա հայության սեփականությունն է, և այն պետք է լինի մեր պահանջատիրության մասնիկը։ Այս պարագայում երկրորդական հարցեր են, թե ով է «Արարատ» թիմի մարզիչը կամ սեփականատերը», – ասված է խմբի հայտարարության մեջ: