Սոչիում կենցաղային թափոնների փորձադաշտի կառուցման դեմ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ 7 մարդ ձերբակալվել է:
Տեղեկանալով շինարարական աշխատանքների մասին` Վարդանե հայաբնակ ավանի ավելի քան 500 բնակիչ հավաքվել է թափոնների կուտակման տեղանքում: Նրանք փորձել են խոչընդոտել տեխնիկայի տեղադրմանը:
Դեպքի վայր են ժամանել ՕՄՕՆ-ի զորքերը, ոստիկանական 30 մեքենա և շտապօգնության 3 մեքենա: ՕՄՕՆ-ականները սկսել են քաշքշել բնակիչներին, մի քանիսին էլ ձերբակալեն են, հաղորդում է «Живая Кубань»-ը:
Աղբամշակման համալիրի նախագիծը տարեկան ավելի քան 300 հազար թափոն է վերամշակելու: Սոչիի քաղաքային հավաքի ներկայացուցիչները 2010 թվականի մայիսին հաստատել են կառույցի համար անհրաժեշտ ներդրման նախագիծը: Այն կառուցվելու է Վարդանե ավանում և 11,2 հեկտար տարածք է զբաղեցնելու:
Ավանի բնակիչների խոսքերով` աղբը թափելու տարածքը չի համապատասխանում բնապահպանական չափանիշներին: Այն գտնվում է բնակավայրերին շատ մոտ: Իսկ տեղումների դեպքում կաղտոտվեն գետերն ու աղբյուրները: Աղբով լցված հարյուրավոր բեռնատարներ անցնելու են ավանի միջով: Վտանգի տակ է դրվում նաև ավանի ջրամատակարարումը: Աղբի հետևանքով մեծանում է վարակիչ հիվանդությունների հավանականությունը: