Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի նախագծի քննարկման նպատակով կազմակերպել էր խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարարության, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը բացման խոսքում նշեց, որ օրենքի ընդունման անհրաժեշտությունը ակնհայտ է, և այն բխում է ՀՀ Սահմանադրության և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներից, որոնց համաձայն` բացառապես օրենքներով են սահմանվում կարգապահական պատաuխանատվության ենթարկելու դեպքերը, կարգն ու պայմանները, ֆիզիկական անձանց նկատմամբ պարտականությունները: Բանախոսը կարևորեց հատկապես այն, որ նախագծում ներառված են զինվորներին հրաման տալու սահմանափակումները, զինվորականի զեկուցակիր գրելու և հրամանը վիճարկելու կարգը: Նա տեղեկացրեց, որ ՀՀ պաշտպանության նախարարը դիմել է իրենց, որ օրենքի նախագիծը ներկայացվի Վենետիկի հանձնաժողով. այդ հարցը կքննարկվի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 9-ին կայանալիք նիստում:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրեց օրենքի ընդունման անհրաժեշտությունը` տեղեկացնելով, որ ներկայումս ՀՀ ԶՈՒ կարգապահական հարաբերությունները կարգավորվում են 1996 թվականին ընդունված ՀՀ կառավարության որոշմամբ, ինչը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Նազարյանի գնահատմամբ` օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի օրենսդրական մակարդակով կարգավորել ՀՀ ԶՈՒ կարգապահական հարաբերությունները, կապահովի զինծառայողների` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների անարգել իրականացումը:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արման Դանիելյանը նշեց, որ օրենքը կաշխատի միայն այն դեպքում, եթե հստակեցվեն մեկուսացման կարգին, պահպանման պայմաններին և բողոքարկման կարգին վերաբերող դրույթները: Նա ողջունելի համարեց կարգապահական մեկուսարանների վերացումն ու դրանց փոխարեն կարգապահական վաշտի ստեղծումը: