Հունիսի 27-ին Տավուշի մարզի թիվ 21177 զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, բաց նամակ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Նամակում զոհված զինվորի մայրը գրում է, որ իր որդու մահվան պաշտոնական վարկածը` ինքնասպանությունը, չի կարող իրականությանը համապատասխանել: Նա նշում է, որ իր որդին հավատում էր Աստծուն, ուներ խոստովանահայր, Սուրբ երրորդություն եղբայրասիրաց ընկերության անդամ էր մինչև Պաշտպանության նախարարության հրամանանով աշխատանքի անցնելը:
«Նրա համար աստվածային օրենքները միս ու արյուն էին դարձել, և նա հստակ գիտեր, որ ոչ միայն սպանությունն է մեղք, այլև ինքնասպանությունը, և այդ մեծագույն մեղքի բաժինը ահավոր է լինելու: Գիտեմ, Ձեզ համար ծիծաղելի է հոգևոր բարձրագույն արժեքներից խոսելը», – ասված է նամակում:
Հասմիկ Հովհաննիսյանը պնդում է, որ իր որդուն սպանել են:
«Սպանել են մտածված, սառնասրտորեն, հաշվարկով: Վերացրել են իրենց ճանապարհին խանգարող լույսը, բարին ու ազնիվը: Այդպիսի գազանները չարիք են և ծնունդ են անպատժելիության մթնոլորտի: Նրանք սովորական մարդասպաններ չեն, նրանք հայրենիքի դավաճաններ են, որոնք սահմանի վրա գազանաբար սպանում և ոչնչացնում են սահմանապահ սպային:
Իրենց եղեռնագործության հետքերը ծածկելու համար մարմինը բարձրացրել են 300 մետր դիրքերից վերև, դրել թշնամու տեսադաշտում` հուսալով թշնամու դիպուկահարների արձակած գնդակի վրա, բայց թուրքը հասկացել է, որ այնտեղ թիկնած սպան եթե սպանված չէ, ապա կիսամեռ է, և հայերին պատրվակ է պետք, իրենց իսկ ձեռքով սպանվածին վերագրելու թշնամական կողմին: Բայց իրենց հաշվարկների մեջ սխալ դուրս գալով, կիսամեռ սպայի հարցերը վերջնականապես լուծելու համար ավտոմատի փողը մտցնում են բերանը և կրակում: Փոխանակ, գոնե այդ անելուց առաջ բժիշկ կանչեին, օգնություն ցույց տային, լվային վերքերը, որոնք թիվ ու հաշիվ չունեն, դրանով թեթևացնելով իրենց մեղքը, ընդհակառակը, գնում են մինչև վերջ:
Եվ այդպիսիներին, չգիտես ում հրամանով, փորձում են պաշտպանել հենց սկզբից` ակնհայտ սպանությունը “ինքնասպանության” քողի տակ մտցնելով: Նրանք, ովքեր աշխատում են այդ ուղղությամբ, միտումնավոր փաստերն աղավաղելով, իբրև թե հանուն հայկական բանակի պատվի գործը քշում են առաջ, նրանք ևս ազգի և հայրենիքի դավաճաններ են և դրանով ավելի են գցում բանակի պատիվը` արյան ու խայտառակության խարան դնելով բանակի ու նրա ղեկավարության ճակատին», – գրված է Հասմիկ Հովհաննիսյանի նամակում:
Արտակ Նազարյանի մայրը նշում է, որ արյունն ու խայտառակությունը մաքրելու միակ ճանապարհը արդար քննություն անցկացնելն է, որը հենց սկզբից ընթանում է ահավոր թերություններով:
Հասմիկ Հովհաննիսյանը մանրամասնորեն նկարագրում է, թե ինչ թերություններ են տեղի ունեցել դեպքի հետաքննության արդյունքում և ավարտում իր նամակը Պաշտպանության նախարարին կոչով.
«Պարոն նախարար, հարց է ծագում. ինչու Երևանի պետական համալսարանի արևելագիտության բաժինն ավարտած 30 ամյա երիտասարդը, ով անփորձ լինելով զինվորական կեղտոտ գործարքներին, որոնց մասին դուք շատ լավ տեղյակ եք, իր դասակի զինվորներին վերաբերվել է ինչպես եղբայրների, ճանաչել ու սիրել է Աստծուն, հանկարծ մոռացավ ամեն ինչ և ինքնասպան եղավ:
Ինչու դուք, որ ամբողջ համակարգի գլուխն եք, թեև հենց Ձեր մասին էլ ասում են, որ թույլ նախարար եք, և Ձեզանից ոչինչ կախված չէ, չեք ուզում քերեք, մաքրեք բանակի և համակարգի վրայի արյունն ու կեղտը, իրոք պատժել մեղավորներին: Եթե դա Ձեր հնարավորություններից դուրս է, ուրեմն դուք էլ որդուս նման «ինքնասպան» եղեք և թողեք մի իսկական գրություն, որ որպես բարձրաստիճան զինվորական ամաչում եք այսպիսի կոռումպացված հայկական բանակ ունենալուց:
Ուրեմն այսպես, բոլոր նրանք, ովքեր կամա, թե ակամա մասնակցել են որդուս սպանությանը, սկսած հրաման տվող գումարտակի հրամանատարից, ում կալանքի տակ վերցնելու փոխարեն ազատել եք աշխատանքից, վկա զինվորներից, կռիվը հրահրողներից, բռնություն գործադրողներից, թևերը բռնողներից, գլխին հարվածողներից (զամպալիտը, որի հարվածի արդյունքում, եթե չի մահացել, ապա ուշաթափ է եղել և այդպես թողել են օրեր շարունակ, մինչև որոշեն, թե ինչ են անում), քննիչից, մարմինը տեղափոխողներից, որոնց բութ մատնահետքերը դաջված էր որդուս ջարդված թևերի վրա, վերջացրած, համակարգը կաշառակերության մեջ թաղողներից, որոնք ոչ միայն իրենց ձեռքերն են թաթախել որդուս արյան մեջ և նրա նման շատ երիտասարդների, բոլորին կանգնեցնում եք դատարանի առջև և ոչ թե որպես սովորական մարդասպանների, այլ որպես հայրենիքի դավաճանների, որոնց համար բացի իրենց փորից ուրիշ սրբություն չկա: Հայրենիքի դավաճաններին պատերազամական իրավիճակում գնդակահարում էին»:
Home / Հայաստան / Զոհված զինվորի մայրը Սեյրան Օհանյանից պահանջում է մաքրել բանակը կամ «ինքնասպան» լինել