Ուսումնական նոր տարվա մեկնարկը նշանավորվեց Թբիլիսիի հայկական դպրոցներում և հայկական ուսուցմամբ բաժիններ ունեցող վրացական կրթօջախներում սկիզբ առած վերակազմավորմամբ:
«Հայկական դպրոցները փաստորեն փակում են: Պատճառն աշակերտների քանակն է: Երեխաները հայկական դպրոցներ չեն գնում, միտում կա, որի համաձայն ավելի շատ գերադասում են վրացական դպրոցներ դիմել, հետո նոր` հայկական ու ռուսական: Մեր կանխատեսմամբ` շուտով Թբիլիսիում կմնա մեկ հայկական և երկու ռուսական դպրոց», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար Առնոլդ Ստեփանյանը:
Նրա խոսքով` վերջինը վերակազմավորման ենթարկվեց Վրաստանի մայրաքաղաքում գործող թիվ 110 միջնակարգ դպրոցը: «Մինչ այդ փակվել էր նաև Թբիլիսիում գործող թիվ 31 դպրոցը», – նշեց Ստեփանյանը` բացատրելով, որ հայկական դպրոցներում աշակերտների քանակի նվազման պատճառներից մեկը հանրակրթության ոլորտում վրացական իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է. «Այդ նոր քաղաքականության համաձայն` 10-րդ և 11-րդ դասարաններում ուսուցումը միայն վրացերեն է կազմակերպվում: Այդ լեզվին չտիրապետողին շատ դժվար է վրացերենով աշխարհագրություն կամ պատմություն սովորել»:
Ստեփանյանի փոխանցմամբ` վրացական իշխանությունները հայկական դպրոցների վերակազմավորման գործընթացի անհրաժեշտությունը բացատրում են զուտ ֆինանսական նկատառումներով: Վրաստանի հանրակրթության համակարգում այսպես կոչված վաուչերային համակարգ է գործում. աշակերտների, համապատասխանաբար նաև վաուչերների քանակից է կախված այս կամ այն դպրոցին հատկացվող ֆինանսավորման ծավալը:
«Ամեն մի վաուչերը մի քանի տասնյակ լարի է: Եթե վաուչերների քանակը քիչ է, ապա ուսուցիչները նորմալ աշխատավարձ ստանալու հնարավորություն չունեն», – նշեց Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավարը:
Առնոլդ Ստեփանյանը նաև հայտնեց, որ հայկական դպրոցների ճակատագիրը ուսումնական տարվա մեկնարկից առաջ քննարկել էր Վրաստանի կրթության նախարարության պաշտոնյաների հետ:
«Մոտ երկու-երեք ամիս առաջ էր, որ հանդիպեցինք Վրաստանի կրթության նախարարի առաջին տեղակալի հետ: Նա մեզ խոստացավ, որ Թբիլիսիում ոչ մի հայկական դպրոց չի փակվի: Փոխնախարարը մեզ փաստորեն խաբեց», – նշեց Ստեփանյանը: