Այսօր Հայաստանի երիտասարդական հավաքականն իր վերջին հանդիպումն անցկացրեց Եվրո-2012-ի ընտրական փուլում: Թբիլիսիի Միխաիլ Մեսխիի անվան ստադիոնում մեր թիմը հաղթանակ տարավ Վրաստանի երիտասարդականի նկատմամբ 2:0 հաշվով: Հայաստանի կազմում հանդիպման վերջին րոպեին 25 մետրից կատարած հիանալի հարվածով աչքի ընկավ Արտակ Դաշյանը, իսկ մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին գեղեցիկ անցում և հարված կատարեց Վալտեր Պողոսյանը:
Նշենք, որ այս հաղթանակը հնարավորություն տվեց մեր ընտրանուն մեկ տեղով բարձրանալ և ընտրական մրցաշարն ավարտել 4-րդ տեղում, իսկ ահա Վրաստանի ընտրանու համար պարտությունը ճակատագրական եղավ:
Հաղթանակի դեպքում Վրաստանի հավաքականը 18 միավորով կհայտնվեր 2-րդ տեղում և պայքարը շարունակելու հույսեր կունենար, սակայն մեր թիմի հաղթանակը օգնեց Թուրքիայի ընտրանուն երկրորդ տեղը զբաղեցնել, որը հաղթեց Իրլանդիային և 16 միավորով դարձավ երկրորդը` 1 միավորով շրջացնելով վրացիներին: Սակայն թուրքերը անգամ այդ պարագայում չկարողացան փլեյ-օֆ փուլում տեղ զբաղեցնել` լրացուցիչ ցուցանիշներով զիջելով Իսպանիային, Անգլիային, Բելառուսին և Իսլանդիային: Խմբում առաջին տեղը զբաղեցրեց Շվեյցարիայի հավաքականը:
Հանդիպումն անցավ հավասար պայքարում, առաջին խաղակեսում թիմերը մեկական լավ պահ չօգտագործեցին: Երկրորդ կեսում վրացիները մի փոքր ակտիվացան, սակայն մեր երիտասարդները կարողացան անառիկ պահել սեփական դարպասը, իսկ վերջնամասում երկու լավ գրոհ կազմակերպել:
Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո դժգոհ Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ընդհարում հրահրեցին, և ֆուտբոլիստները քաշքշեցին և մի քանի անգամ հարվածեցին միմյանց: Կրքերը հնարավոր եղավ հանդարտեցնել մի քանի րոպեի ընթացքում: