Եթե կարող եք, գնացեք Քարահունջ ու մի քանի քար էլ դուք շալակեք տարեք, եթե կարող եք: Կենսաբանական գիտությունների թեկնածու Վաչագան Վահրադյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հեգնանքը չէր թաքցնում: Քարահունջի 95-րդ քարն անհետացել է, գողացել են, մինչդեռ այս կառույցն իր նշանակությամբ բացառիկ է, ու աշխարհի բազմաթիվ երկրներում նմանատիպ հուշարձանի մոտ թանգարան կա, կան բազմաթիվ հսկիչներ, ու այն պետական ու համաշխարհային արժեքների ցանկում է ընդգրկված:
Մեր երկրում Քարահունջը պետական պաշտպանության տակ առնված հուշարձանների ցանկում է, բայց միայն այդքանը:
Վահրադյանն ամեն անգամ գնում է այնտեղ, հիասթափվում ու բարկանում: Կենսաբանի խոսքով` ոչխարներն ու կովերն են այնտեղ արածում:
Խնդիրներին անդրադառնալուց հետո Վաչագան Վահրադյանը պատմեց, որ Քարահունջի հուշարձանը ուսումնասիրելու արդյունքում մի շարք հետաքրքիր եզրակացությունների է եկել: Նա պարզել է, որ այդ կառույցն ապշեցուցիչ է անգամ ժամանակակից տեխնոլոգիաների մեր դարում:
Քարահունջի քարերը դասավորված են ճիշտ այնպես, ինչպես դասավորված են Կարապի համաստեղության աստղերը: Գիտնականն այս համաստեղությունը տեղափոխել է քարտեզի վրա ճիշտ այն վայրում, որտեղ գտնվում է հուշարձանը և զարմանալի փաստ է նկատել. այդ տարածքի գյուղերն ունեն աշխարհագրական նույն դիրքն ինչ-որ Կարապի համաստեղության աստղերն ու Քարահունջի քարերը:
Այս ուսումնասիրությունները Վահրադյանն իր ուսանողի միջոցով ներկայացրել է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսորներին: Ուսումնասիրությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել, և արդեն այս շաբաթ Հայաստան կգա Օքսֆորդի համալսարանի գիտնականների խումբն, ու նրանք հայ գիտնականների հետ համատեղ ուսումնասիրություններ կանեն:
Բրիտանական կողմին Վահրադյանն ուղարկել է նաև հայկական Քարահունջի ու անգլիական Սթոունհենջի միջև նմանությունները: Կառուցվածքային ու անվանական նմանություններն ակնհայտ են:
Վահրադյանը կարծիք հայտնեց, որ Քարահունջն ավելի հին է Սթոունհենջից: Նա համամիտ չէ հայ գիտնականների այն կարծիքին, ովքեր նշում են, որ Քարահունջն ունի 3900 տարվա պատմություն: Այս եզրահանգմանը գիտնականները եկել են այդ տարածքից հայտնաբերված ոսկորներն ուսւոմնասիրելուց հետո: Վահրադյանն ասաց, որ շատ հնարավոր է` այդ ոսկորները բերվել են այդտեղ շատ հետո, իսկ աստղագիտական իր բոլոր ուսումնասիրություններն ապացուցում են, որ Քարահունջն ունի մոտ 7500 տարվա պատմություն: