Home / Армения / «Հայկական ժամանակ». Հարց վարչապետին, և միկրոֆոնը շը՞խկ

«Հայկական ժամանակ». Հարց վարչապետին, և միկրոֆոնը շը՞խկ

Օրաթերթի փոխանցմամբ` երեկ ՀՀ վարչապետ Տիգրան
Սարգսյանի` Արթիկ կատարած այցելության լուսաբանման ընթացքում նրա թիկնապահները
խոչընդոտել են «ԳԱԼԱ» հեռուստաընկերության թղթակցի ու օպերատորի աշխատանքը, կոտրել
միկրոֆոնն ու հենակալը` հեռուստաընկերությանը պատճառելով բարոյական ու նյութկան
վնաս:

Վարչապետը Արթիկ էր այցելել` մասնակցելու նոր
մշակույթի տան բացման արարողությանը, որը կառուցվել է «Հայաստան» համահայկական
հիմնադրամի միջոցներով` ամերիկահայ նշանավոր քանդակագործ և նկարիչ Վարազ
Սամուելյանի կտակի համաձայն: Նրա թիկնապահները սահմանափակել են քաղաքացիների`
սոցիալական դժգոհություններ պարունակող 
նամակները և որոշակի քանակից հետո հրաժարվել են դրանք փոծանցել վարչապետին:
Ըստ միջոցառման մասնակիցների` այդպիսի խնդիրներից դժգոհող քաղաքացիներից շատերին
էլ ՕԵԿ-ական Արծրունի Աղաջանյանը փորձել է ցրել, հեռացնել տարածքից, որ հանկարծ
չփչանա այն քնքույշ ու ջերմ մթնոլորտը, որ երկար աշխատանքի արդյունքում տեղական
իշխանությունները կարողացել են ստեղծել վարչապետի այցի առիթով: Ըստ ականատեսների`
բոլորն ամեն ինչ արել են, որ վարչապետը չհիշի տնտեսական ճգնաժամի մասին և շարունակի
հավատալ, որ Հայաստանը դուրս է եկել այդ ճգնաժամից: Տիգրան Սարգսյանի այդ քաղցր
անուրջը պահպանելու նպատակով էլ վարչապետի թիկնապահները և օգնական Արամ Անանյանը
«ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատակիցների նկատմամբ լարվել են. բանն այն է, որ
«ԳԱԼԱ»-ի թղթակից Քրիստինե Մկրտչյանը վարչապետի օգնական Արամ Անանյանին հայտնել է,
որ ինքը հարց ունի Սարգսյանին: Նրա թիկնապահներն ու օգնականը սկսել են հետևել
թղթակցին, հորդորել ոչ մշակութային հարց չտալ: Իսկ ավելի ուշ, երբ լրագրողը
համարձակվել է «թեմայից շեղված» հարց տալ, «պատահաբար» պոկվել է նրա միկրոֆոնի
լարն ու միկրոֆոնը վայր է ընկել:

«Ի տարբերություն Երևանից բերված 20
լրագրողների, ես վարչապետին ուզում էի ուղղել ոչ թե մշակութային հարցեր, այլ
նորակառույց «Մուշ 2» թաղամասում առաջացած խնդիրների մասին, քանի որ շիրակցիներին
հուզող առաջնային հարցերից մեկն է դա: Երբ հարցս ուղղեցի, մեկ էլ զգացի, որ
միկրոֆոնս ընկավ, հետո` հենակալը: Բարձր աղմուկ լսվեց: Հետ շրջվեցի, տեսնեմ
թիկնապահն էր կանգնած: Վարչապետի օգնական Արամ Անանյանը ներողություն խնդրեց,
ձեռքս սեղմեց, փորձում էր կատակի տալ»,-մեր թղթակցի հետ զրույցում պատմել է
«ԳԱԼԱ»-ի թղթակից Քրիստինե Մկրտչյանը: Տեղի ունեցածի կապակցությամբ երեկ
հայտարարություն է տարածել «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը` դատապարտելով լրագրողի
աշխատանքը խոչընդոտող արարքը: