Ավարտվեց «Կարոտ» միջազգային փառատոնը, որն առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում: Ստեղծվելով Ռուսաստանում` փառատոնն ուներ մի նպատակ` հայրենիքից կտրված մարդկանց հաղորդակից դարձնել հայկական մշակույթին, դրսում ապրող ու ստեղծագործող հայերին համախմբել ու նաև արտասահմանցիներին ծանոթացնել մեր երկրի ու ազգի մշակույթին:
Փառատոնի տնօրեն Մեծո Իգիթյանը, այսօր ամփոփելով փառատոնի արդյունքները, այն հաջողված համարեց:
Նշենք, որ երեկ փառատոնի ծրագիրն ավարտվեց Տավուշի մարզի Մովսես գյուղում, անտեղ բացվեց եկեղեցի: Գյուղում 70 տարուց ավելի չկար եկեղեցի և հարսանիք, մկրտություն անելու համար գյուղացիները ստիպված ամեն անգամ հասնում էին շրջկենտրոն` Բերդ:
Այս փառատոնի ամենամեծ ձեռքբերումը տնօրենը համարում է այն, որ «Կարոտը» բացվեց Արցախում, և ամենևին էլ կարևոր չէ, որ Ադրբեջանն արդեն սկսել է բողոքել, որ աշխարհի ամենատարբեր երկրներից Արցախ են եկել ու իրենց ստեղծագործութոյւնները ներկայացրել շատ խմբեր: Իգիթյանի խոսքով` փառատոնի բացման տեղն ու ժամն էլ պատահական չէր ընտրված:
«Մենք հատուկ փառատոնի բացման օրն արեցինք Արցախում սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության օրը: Դա կոչ էր ողջ մարդկությանը, որ հաղթանակած երկրում արդեն միջազգային փառատոններ են անցկացվում, նաև ազդանշան էր աշխարհին` հեռու մնալ պատերազմներից, ահաբեկչություններից և ապրել խաղաղ, ստեղծագործ միջավայրում»:
Մեկ ամիս հետո պարզ կլինի հաջորդ «Կարոտի» անցկացման վայրը: Առանձին հատվածներով փառատոնը կայցելի Սիբիր: Փառատոնի այս տարվա հյուրերից մեկի` աշխարհահչակ Ժերար Դեպարդիեյի այցելության ընթացքում նրա հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ մի «Կարոտ» էլ անցկացվի Ֆրանսիայում: