Home / Հայաստան / Էդվարդ Նալբանդյանը կզրուցի Վաշաձեի հետ վերջինիս հայտարարության մասին

Էդվարդ Նալբանդյանը կզրուցի Վաշաձեի հետ վերջինիս հայտարարության մասին

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը չի կիսում Թբիլիսիի կարծիքն այն մասին, թե Գյումրիում Ռուսաստանի ռազմակայանի ժամկետի երկարաձգումը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը, հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել էր, որ Հարավային Կովկասում ռուսական ռազմակայանների քանակի ավելացումը մեծ սպառնալիք է Վրաստանի, Ադրբեջանի համար և Հայաստանի ինքնիշխանության համար:

«Մենք չենք կիսում այս կարծիքը: Մեր դիրքորոշումը` կապված Ռուսաստանի ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման հետ, բազմիցս հնչել է երկրի առաջնորդի կողմից: Կարծում եմ` ադրբեջանական ԶԼՄ-երի տարածած տեղեկատվությունն աղավաղված է»,- ասել է Բալայանը:

Նա նշել է նաև, որ այսօր հեռախոսազրույց է տեղի ունենալու Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի և Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի միջև: