2010թ. սեպտեմբերի 7-ին լրացել է Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության համաժողովի Հայաստանի ազգային պլատֆորմի ստեղծման 3 ամիսը: Այս ընթացքում պարզ է դարձել, որ հաջող զարգացման համար պլատֆորմը մի շարք խնդիրներ ունի հաղթահարելու:
Քաղաքացիական հասարակության համաժողովի ղեկավար կոմիտեն Եվրահանձնաժողովի հետ համագործակցությամբ 2010թ. հուլիսի 26-27-ի իր հանդիպման ընթացքում ընտրել է Քաղաքացիական հասարակության այն կազմակերպություններին, որոնք պետք է մասնակցեն 2010թ. նոյեմբերի 18-19-ին Բեռլինում կայանալիք Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի երկրորդ հանդիպմանը:
«Համաժողովը կենսունակ մարմին է, բայց ձևավորման կարիքը ունի: Բոլոր շահագրգռված կազմակերպությունների մասնակցությունն այդ ձևավոման մեջ շատ կարևոր է», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Համակարգող խորհրդի որոշ անդամներ անհիմն պահանջներ են ներկայացնում ընտրության ընթացքի և արդյունքների վերաբերյալ` չկատարելով համակարգող խորհրդի անդամի` իրենց անմիջական պարտականությունները, Նավասարդյանն անիմաստ է համարում իր հետագա անդամակցությունն այդ մարմնին:
«Միայն անուններով չի կազմակերպության գործունեության ոլորտը որոշվում: Առաջին խմբի դիմողները դիմել են առաջին խմբի համար` կառավարում, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ: Դիմողներն առաջին խմբի համար շատ են և մրցակցությունը շատ ավելի խիստ էր», – ասել է Նավասարդյանը:
Նավասարդյանը ցավով նշեց, որ ֆորումի մասնակիցների ցանկում չեն ընդգրկվել մի շարք կազմակերպություններ, դրանց թվում` Հետաքննող լրագրողներ, Կովկասի Ինստիտուտ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե և այլն:
Որպես համաժողովի նպատակ Նավասարդյանը նշեց քաղաքացիական հասարակության մասնակցությունը Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանանկներում առավել ակտիվ դարձնելը: