Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 8-ին ընդունել է Բաքվից Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ) և Իգոր Պոպովին (ՌԴ):
Ինչպես հաղորդում են ԼՂ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
«Երկուստեք նշվել է, որ հակամարտության կարգավորման ուժային տարբերակը բացարձակապես անընդունելի է: Միաժամանակ, Բակո Սահակյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից վերջերս զինադադարի ռեժիմի հաճախակի խախտումները մտահոգություններ են առաջացնում, լուրջ վտանգ ներկայացնելով ինչպես տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանմանը, այնպես էլ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին», – ասված է հաղորդագրությունում։
Բակո Սահակյանը Մինսկի խմբի միջնորդներին կոչ է արել օգտագործել իրենց ներուժը Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար:
Հանդիպմանը մասնակցել են նաև Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: