Նույնիսկ ադրբեջանական վերլուծաբանները պարզ ասում են, որ Մեդվեդևի Ադրբեջան կատարած այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը շատ փոքր կարևորության փաստաթղթեր էին, որպեսզի դրանց պատճառով Ռուսաստանի նախագահը Բաքու այցելեր:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Ըստ նրա` սա Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի շատ անհաջող հավասարության նշան դնելու փորձ էր Ադրբեջանի իշխանությունների կողմից:
Այս համատեքստում նա հիշեցրել է Դմիտրի Մեդվեդևի խոսքերը:
«Երբ Ադրբեջանի նախագահը շեշտեց, որ նրանց համար որքան էական է Ղարաբաղի խնդրի ադրբեջանամետ լուծումը, պարոն Մեդվեդևն ի պատասխան դրան միայն ասաց, որ ռուսական կողմը պատրաստ է բոլոր ջանքերը ներդնել կողմերի համար ընդունելի փաստաթղթին վերջնական տեսք տալու նպատակով», – ասել է Մինասյանը:
Ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորի` ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը նշեց, որ, լսելով պարոն Մինասյանին, «մարդ լավատեսական էներգիայով է պատվում»:
Նրա համոզմամբ` ԵԱՀԿ գագաթաժողովի ընթացքում Լիսաբոնում կամ Ստամբուլում որևեցէ դրական քայլ հայկական կողմի հանդեպ չի եղել:
Առաքելյանի խոսքով` մենք ընդամենը կարողացանք պահել ստատուս-քվոն:
«Միշտ շեշտվել է Ադրբեջանի ամբողջականությունը, և անցած 20 տարիներին մենք խաղացել ենք հենց Ադրբեջանի պարտադրած խաղը», – ասել է քաղաքական գործիչը: