Կարմիր խնձորի ավանդույթը հայերին շատ սազական մի բան է, այն վկայում է հայ աղջկա ամոթխածության, ընտանեկան ճիշտ դաստիարակության մասին, այսօր, անդրադառնալով ավանդական հարսանիքներին, վստահաբար հայտարարել է ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը և հավելել.
«Ամուսնական զույգերի առաջին գիշերվանից հետո սկեսուրը 7-րդ երկնքում է հայտնվում. սավանն առնելով իր ձեռքը` նա պարզ երեսով դուրս է գալիս փողոց, հարևաններին ցույց տալիս, թե իր հարսը ինչ բարոյական ընտանիքից է»:
Ազգագրագետն անդրադարձել է նաև ավանդական հարսանեկան «ինստիտուտներին»:
«Պահպանված ինստիտուտներից քավորի ինստիտուտն է պահպանվել: Հնում քավորը հարսի երկունքի ժամանակ ելնում էր տան կտուրը և հրացանով կրակում, որ չարքերը հեռանան»,- ասել է նա և թվարկել ևս մի քանի պահպանված ավանդույթներ, ինչպես, օրինակ, գաթա պարացնելու, ափսե կոտրելու, զույգերի ուսերին լավաշ փռելու ավանդույթները:
«Պետք է պահպանվեն հայկական ավանդույթները, բարքերը. դրանց արագ փոփոխման և վերացման հետևանքն է, որ այսօր չունենք հայկական ամուր ընտանիքներ»,- իր խոսքը եզրափակել է Ռաֆայել Նահապետյանը: