Հայկական «Կենտրոն» հեռուստատեսությունը երեկ ուղիղ եթերում հեռարձակել է Եվրո-2012-ի ընտրական փուլի Գերմանիա-Ադրբեջան խաղը, որը տեղի էր ունենում Քյոլնում: Խաղն ավարտվել է 6:1 հաշվով` հօգուտ Գերմանիայի:
Ինչպես Epress.am-ին հայտնեց «Կենտրոն» հեռուստաալիքի մարզական մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանը, հեռուստաընկերությունը պայմանագիր է կնքել Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, ըստ որի իրավունք է ստացել հեռարձակել Գերմանիայի բոլոր հանդիպումները Եվրո-2012 նախընտրական փուլում:
«Ադրբեջանական թիմի խաղը հեռարձակել ենք զուտ այն պատճառով, որ թիմը Գերմանիայի հետ միևնույն խմբում է հայտնվել: Այս թիմի խաղերի հեռարձակման ոչ մի ցանկություն չունենք, անգամ եթե Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան դրա համար մեզ մեծ փողեր առաջարկի»,- մանրամասնեց Կարա-Պողոսյանը:
Նա նաև նշեց, որ Գերմանիան հաջորդ խաղն անցկացնելու է Թուրքիայի ընտրանու հետ:
Բացի այդ, հեռուստաալիքը գնել է Բունդեսլիգայի, Գերմանիայի գավաթի և Գերմանիայի ընկերական հանդիպումների հեռարձակման իրավունքը: