Երբ Մակեդոնիա-Հայաստան հանդիպման նորվեգացի մրցավար Էսպեն Բերնտսենը չգիտեմորերորդ ավելացված րոպեին 11-մետրանոց նշանակեց ի վնաս Հայաստանի, թվաց, որ պատմությունը 100 տոկոսով կկրկնվի: Ուղիղ 15 տարի առաջ սեպտեմբերի 6-ին մեր թիմը հաղթում էր Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեյում 2:1 հաշվով, և մրցավարը վերջին րոպեին 11-մետրանոց նշանակեց, սակայն Հայաստանի հավաքականի դարպասապահ Արմենակ Պետրոսյանը հետ մղեց գնդակը Բոբան Բաբունսկու հարվածից հետո` երեք միավոր պարգևելով մեր թիմին:
2010-ին նույն իրավիճակն էր, սակայն Ռոման Բերեզեվսկին գնդակը հետ մղել չկարողացավ, թեև շատ մոտ էր դրան, իսկ դեժա-վյուն, փաստորեն, ստացվեց չկայացած: Ռոման Բերեզովսկուն, իհարկե, մեղադրելն անհեթեթ է, հատկապես եթե հաշվի առնել, որ նրա ջանքերով Հայաստանի հավաքականը մինչև 75-րդ րոպե մնաց խաղի մեջ, իսկ վերջին 15 րոպեների ընթացքում պարզապես երանելի ֆուտբոլ խաղաց: Բնական է, որ այս հանդիպման բոլոր ականատեսները, այդ թվում նաև Արարատ Առաքելյանը, ով վերջին րոպեին անհասկանալի կերպով ձեռքով որսաց գնդակը սեփական տուգանային հրապարակում, չեն կարողանա բացատրել, թե ինչու մեր թիմի կենտրոնական պաշտպանն արեց դա: Ինչպես նաև չեն կարողանա բացատրել, թե ինչպես էր վերջին րոպեներին վրիպում ֆանտաստիկ հարմար դիրքերից մեր թիմի առաջ քաշված հարձակվող Յուռա Մովսիսյանը: Բայց Մովսիսյանին էլ մեղադրելը դժվար է, որովհետև մեր հավաքականում մենք վերջապես իսկական հարձակվող տեսանք, ով ստեղծում է, վրիպում է, գնդակ է խփում, բացվում է, ստանում է, կորցնում է, խաղում է թիմի համար: Հենց Յուռա Մովսիսյանն էլ բացեց այս խաղի հաշիվը 41-րդ րոպեին` հայտնվելով տուգանային հրապարակում և օգտագործելով Հենրիխ Մխիթարյանի հիանալի փոխանցումը: Իսկ մինչ այդ եղել էին Մխիթարյանի չօգտագործված գերազանց պահը, Բերեզովսկու երկու-երեք սխրագործությունները և դարպասի հորիզոնական ձողը, որն օգնեց մեր թիմին: Մովսիսյանի գոլից անմիջապես հետո մենք մի պահ կորցրեցինք զգոնությունը, և Մարիո Ջյուրովսկին պատժեց 20 մետրից կատարած հարվածով: Երկրորդ խաղակեսի սկզբում էլ նույն Մովսիսյանն իդեալական պահ ստեղծեց ինքն իր համար, բայց մոտ տարածությունից հարվածեց ուղիղ դարպասապահի վրա: Եվ հետո կրկին մակեդոնացիների ակտիվությունը, կրկին Բերեզովսկու հիանալի խաղը:
Անկեղծ` մենք վաղուց նման խաղ չէինք տեսել: Բաց, առանց դարպասների հարձակվողական ֆուտբոլ, ինչի մասին երազում էինք հաճախ այս տարվա Աշխարհի գավաթի ժամանակ: Երկու թիմերն էլ նվիրումով էին խաղում, սակայն վերջին 15 րոպեները ստիպեցին մեզ հավատալ, որ հաղթանակը հնարավոր է: Իրոք, հնարավոր էր մինչև վերջին վայրկյանը, հատկապես այն հիանալի գրոհից հետո, որը վնասվածքի գնով սկսեց գերազանց հանդիպում անցկացրած Կառլեն Մկրտչյանը, իսկ ավարտեց փոխարինման դուրս եկած Էդգար Մանուչարյանը: Սակայն այդ վերջին վայրկյանը, Արարատ Առաքելյանի ձեռքը և 11-մետրանոցը իրացրած Իլչո Նաումոսկու սառնասրտությունը կանխորոշեցին այն, ինչ ժողովրդական խոսքում սովորաբար անվանվում է «հայի բախտ»:
Իսկ կարող էր հիանալի վերջաբան լիներ, հավատացեք: Դեժա վյուով վերջաբան: