Սեպտեմբերի 9-ին Ֆիլադելֆիայի Kraft Foods գործարանի աշխատակցուհին ազատվել է աշխատանքից: 10 րոպե անց նա իր մեքենայով ներխուժել է գործարանի տարածք, մտել է գրասենյակ և կրակ բացել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել, մեկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները:
Երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, զինված կինը դիմադրություն է ցույց տվել` մի քանի անգամ կրակելով պատի հետևից: Իրավապահ մարմինները պատասխան կրակ չեն բացել և 10 րոպե անց ձերբակալել են չարագործ կնոջը:
«Ես չգիտեմ` ինչն է նրան դրդել այդ քայլին, և մեկնաբանություններ չեմ կարող անել»,- հայտարարել է ոստիկանական սպա Չարլզ Ռամսին: Կնոջ անունը չի հրապարակվում, բայց Kraft Foods-ի աշխատակիցները լրագրողներին պատմել են, որ դա եղել է 57-ամյա Իվոն Հիլլերը, ով գործարանում աշխատել է ավելի քան 15 տարի: