Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոնի բացումից հետո ճեպազրույցի ժամանակ խոսել է գազի գնի հնարավոր թանկացման մասին:
Նա, մասնավորապես, նշել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարած այցի ժամանակ քննարկվել է գազի գնի թանկացման հարցը։
«Խնդիրը մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում է, իսկ համապատասխան մարմինները գտնվում են մշտական խորհրդակցությունների մեջ։ «Հայռուսգազարդ» ընկերության տնօրինությանը տրված է համապատասխան հանձնարարական, որպեսզի իրենց ռուս գործընկերների հետ իրենք շարունակեն բանակցությունները, որպեսզի գազի գնային քաղաքականությունը, մեթոդաբանությունը, մեզ համար լինի կանխատեսելի։ Մի քանի ամսվա ընթացքում «Հայռուսգազարդ»-ի տնօրինությունը հստակ տեղեկատվություն կտա, թե այդ խորհրդակցությունները ռուսական կողմի հետ ինչով են ավարտվել», – ասել է վարչապետը: