Սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանը իր կողմից ներկայացված թիվ A/64/L.57 բանաձևի նախագիծը հանեց քննարկումից և քվեարկությունից` խնդրելով համապատասխան օրակարգի կետը տեղափոխել ԳԱ 65-րդ նստաշրջանի օրակարգ, ասված է ՀՀ ԱԳՆ այսօր տարածած հայտարարության մեջ:
«Շնորհակալ ենք ՄԱԿ-ի անդամ բոլոր այն երկրներից և, առաջին հերթին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետություններից, որոնք իրենց դիրքորոշմամբ կանխեցին Ադրբեջանի փորձերը շեղել և վնաս հասցնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին` թույլ չտալով ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված ապակառուցողական բանաձևի ընդունումը:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դաշտային առաքելությունը ԼՂ հարակից շրջաններ ոչ մի առնչություն չունի Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի ԳԱ ներկայացված բանաձևի նախագծի հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ս.թ. սեպտեմբերի 6-ի հայտարարության մեջ նշեցին, որ ԼՂ հարակից շրջաններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դաշտային առաքելության մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել կողմերի միջեւ ամառվանից առաջ, այսինքն` Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա բանաձևի նախագծի ներկայացումից շաբաթներ առաջ:
Ադրբեջանը պետք է զերծ մնա Մինսկի խմբի շրջանակներում ընթացող կարգավորման գործընթացը այլ հարթակներ տեղափոխելու շարունակական փորձերից, սադրիչ ու ռազմատենչ հայտարարություններից և գործողություններից, որպեսզի բանակցային գործընթացը առավել կառուցողական և արդյունավետ ընթացք ունենա»: