Վախերը ոչ միայն բնածին հատկանիշներ ունեն, այլ կարող են առաջ գալ որոշակի սոցիալական պայմաններում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ Ռուբեն Պողոսյանը:
Պողոսյանն այս համատեքստում անդրադարձավ նաև հայկական բանակին. «Այսօր մեր բանակում ծառայելը պարտադրանք է, կարծես, դարձել: Միշտ կա տպավորություն, որ այնտեղ պետք է հիվանդանան, այնտեղից առողջ չեն վերադառնում: Արդեն վախ կա ծառայության հանդեպ»:
Մասնագետի խոսքով` բանակից վերադառնում են հիվանդ, վախերով տոգորված երիտասարդներ, և դա կարող է պատճառաբանված լինել ծեծով-ջարդով: Ծառայության մեջ, ըստ Պողոսյանի, կարող է ֆոբիա առաջանալ և տրամադրվածության արդյունքում, և ծեծի ու բարոյահոգեբանական մթնոլորտի պատճառով:
Խոսելով վերջին շրջանում հայկական բանակում տեղի ունեցած սպանությունների և ինքնասպանությունների մասին` Պողոսյանն ասաց, որ իշխանությունները սոցիալական և հոգեբանական աշխատանք պետք է տանեն այդ ուղղությամբ:
Սոցիալական աշխատանքի մասնագետ, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Աննա Ոսկանյանը, իր հերթին, տեղեկացրեց, որ այդ այդ ամենի վերաբերյալ գոյություն ունեն հրատարակված նյութեր և պատրաստվում են հատուկ սոցիալական աշխատողներ, որոնք կարող են աշխատել բանակում:
«Ուղղակի բանակը տոտալիտար կազմակերպություն է, փակ է», – շեշտեց Ոսկանյանը` հավելելով, որ պետությունը պետք է պատրաստ լինի ազատ դառնալ, որպիսի բանակի հարցերը քննարկվեն:
«Ինձ համար զարմանալի է, որ Հայաստանում բոլորովին ամոթ չէ խնդիր ունենալը, բայց ամոթ է խնդիրը հաղթահարելը», – ասաց Ոսկանյանը: